Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ Շիրակի մայր բուհում․ աշխատակիցները հարցի լուծման եռօրյա ժամկետ են տվել

Դեկտեմբեր 04,2019 14:13

Այսօր վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները՝ դեկանների, ամբիոնի վարիչների գլխավորությամբ գործադուլ էին հայտարարել․ նրանք ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանից պահանջում են չուշացնել աշխատավարձը, որն առանց այն էլ բավական ցածր է՝ համեմատած հանրապետության մյուս բուհերի։

Գործատուն, թեեև, ըստ աշխատանքային պայմանագրի, իրավունք ունի աշխատավարձը փոխանցել մինչև հաջորդ ամսի 15-ը, սակայն աշխատավարձի ուշացումը ծանր հոգս է դառնում նրանց համար․ ընկնում են տույժ-տուգանքների մեջ։ Գործադուլավորների ասելով, ելնելով այն հանգամանքից, որ բուհի նախորդ ղեկավարության օրոք աշխատավարձ ստացել են ամսի 2-ին կամ 3-ին, վարկերը բանկերում ձևակերպել են տվել հենց այդ օրերին մուծումներ կատարելու պարտավորությամբ։

Գործադուլավորներին վրդովեցրել էր նաև բուհի ժամանակավոր ղեկավարության՝ պարգևավճար չտալու մասին մտադրությունը։ Ըստ բողոքավորների, նման իրավունք չկա, քանի որ «13-րդ ամսվա աշխատավարձ» տողն արձանագրված է 2019 թվականի ՇՊՀ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվում։ Ըստ այդ փաստաթղթի՝ պարգևավճարի ֆոնդը 52 700 000 ՀՀ դրամ է, ճիշտ այնքան, որքան ծախսվել է 2018 թվականին:

Բուհի աշխատակիցները պահանջում են նաև փոխանցել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը։

Աշխատակիցների փոխանցմամբ՝ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը խոստացել է մինչև դեկտեմբերի 7-ը փոխանցել նոյեմբեր ամսվա աշխատավարձը, նա ասել է նաև, որ պարգևավճարը կտրամադրի մինչև դեկտեմբերի 15-ը։

Աշխատակիցների փոխանցմամբ, համաձայնության են եկել եռօրյա ժամկետում ստանալ իրենց հուզող հարցերի կոնկրետ պատասխանները, որոնց լուծման համար ռեկտորի ժ/պ-ն խոստացել է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։

Երվանդ Սերոբյանն աշխատավարձերի ուշացումը պարզաբանել է գանձապետարանից գումարների տրամադրումը ուշացնելու հանգամանքով։

Գործադուլավորները նշեցին, որ վաղը ու մյուս օր դասերը կշարունակեն, սակայն երկուշաբթի հստակ պատասխան չստանալու դեպքում՝ կվերսկսեն գործադուլը։

Հանդիպումը բավական թեժ է անցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031