Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

Դեկտեմբեր 04,2019 13:47

Դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ավարտվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Այս ընթացքում ՀՖՖ-ն պետք է ստուգի նախագահի և ՀՖՖ Գործադիր Կոմիտեի թեկնածուների ներկայացրած փաթեթները: Դեկտեմբերի 6-ին ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակվեն բոլորի անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները չորսն են: Նրանից 3-ը բացահայտ հայտարարել են իրենց առաջադրման մասին: Նրանք են ԽՍՀՄ տարիների մեր ճանաչված ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Լոռի ՖԱ սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրանք տարբեր հարթակներում արդեն հայտարարել են իրենց ցանկությունների մասին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ այսօրվա իշխանությունները քաղաքական թեկնածու չցանկացան տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում և այդ պատճառով էլ դաշտը մնաց ֆուտբոլային կենսագրություն ունեցող մարդկանց՝ որոշ վերապահումներով: Մյուս թեկնածուն էլ Արսեն Աղաջանյանն է. ֆուտբոլային աշխարհը դժվար թե ճանաչի նման անուն ազգանունով մարդու:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրությունը կիմանա ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անունները: Հանրությունը սպասում է նրանց ծրագրերին, կառավարման ռազմավարության տեսլականներին, ով ինչ կադրային քաղաքականություն կվարի:

Փորձենք շատ կարճ էքսկուրս անցկացնել թեկնածուների ֆուտբոլային փորձի, ձեռքբերումների և որոշ տեսլականների վերաբերյալ:

Խորեն Հովհաննիսյան – Անկասկած ֆուտբոլային անձնավորություն է: Խորհրդային տարիներին նրա խաղով հիացել են մեր ֆուտբոլասերները: Խորիկը խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: Կարիերայի ավարտից հետո Հովհաննիսյանը հնարավորություն է ունեցել գլխավորելու ՀՀ ազգային հավաքականը, բայց կառավարման փորձ, այնուամենայնիվ, չունի:

Թովմաս Գրիգորյան – ՀՖՖ Գործադիր Կոմիտեի երկարամյա անդամ է, հաջողակ բիզնեսմեն: 2017 թվականից իր հիմնադրած «Լոռի» ակումբը հանդես է գալիս ՀՀ առաջնություններում: 2018 թվին այն դարձել է ՀՀ առաջին լիգայի չեմպիոն, 2019 թվականին դուրս է եկել ՀՀ գավաթի եզրափակիչ, բացի այդ, այս պահի դրությամբ ՀՀ առաջնության Ձմեռային չեմպիոնն է: Դատելով ֆուտբոլային կենսագրական տվյալներից՝ ֆուտբոլային մենեջմենթից լավատեղյակ է և ունի կառավարչական լուրջ ջիղ, ինչը շատ կարևոր է ՀՖՖ-ն կառավարելու համար: Այստեղ կա խնդիր, Գրիգորյանը ակումբի սեփականատեր է, բայց խոստացել է վաճառել ակումբը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո: Կպահի նա իր խոստումը՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Մելիքբեկյան – Մելիքբեկյանը լրագրող է եղել, աշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան: Վարել է նաև ֆուտբոլային վերլուծական հաղորդումներ: Բնականաբար, ֆուտբոլ խաղից լավ հասկանում է: Կարելի է ասել, որ ուղղամիտ է՝ ինչ մտածում անմիջապես ասում է, նրան է պատկանում «ֆինները ներքևից խաղալ չգիտեն» հանրահայտ միտքը: 1,5 տարի է, ինչ հանդիսանում է ՀՖՖ Գլխավոր քարտուղար: Այս պաշտոնում, շատերի կարծիքով, նա ձախողել է և շատերի կողմից չի ընդունվում:

Արսեն Աղաջանյան – Առայժմ անհասկանալի է, թե ով է նա ֆուտբոլային աշխարհում: Խոսակցություններ կան, որ վերջինս վայելում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հովանավորչությունը: Արդյոք ՀՖՖ-ն կհաստատի նրա թեկնածությունը՝ դժվար է ասել, քանի որ ՀՖՖ գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է առնվազն 2 տարի ֆուտբոլային պաշտոնյա հանդիսանա:

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031