Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քանի՞ գլխանի էիք, որ…», «Քաղաքապետի տեղը թատրոնն է». թեժ լեզվակռիվ ԱԺ-ում՝ Ծառուկյանի եւ Մարությանի շուրջ

Դեկտեմբեր 04,2019 13:40

ԱԺ-ում այսօր «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի պատգամավորները ելույթներով մեղադրեցին իրար: «Իմ քայլականներին» դուր չեն եկել շեյխեր-Հայկ Մարության հանդիպման շուրջ ԲՀԿ-ի մեկնաբանությունները, ԲՀԿ-ականներն էլ իշխանությանը մեղադրում են ներդրումներ ներգրավելու մշակույթից զուրկ լինելու համար:

«Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանի կողմից հնչեցին որակումներ Գագիկ Ծառուկյանի մասին, որ նա անտեղի վճարում է իր աշխատողներին, որոնք նրան սխալ ինֆորմացիա են հասցնում:

ԲՀԿ-ի հասցեին ակնարկներ հնչեցին նաեւ այն մասին, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հորդորեց մեծերին դասեր չտալ եւ համոզմունք հայտնեց՝ նախորդ իշխանությունը ԲՀԿ-ին չլսեց, այդ պատճառով հայտնի է, թե ինչ եղավ…

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն իր հերթին հայտարարեց. «Պարոն Մելքումյան, նախորդ իշխանությունը ձեզ չլսեց, որովհետեւ դուք էինք նրան լսում: Դուք չէիք կարող նրանց չլսել:

Արման Աբովյանը կոչ էր արել պարոն Ծառուկյանի հարցազրույցները լսել: «Լսում ենք, պարոն Աբովյան, բայց չենք հասկանում, որովհետեւ խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, եւ հիմնական միտքը հասկանալի չէ: Երկու օր է՝ փորձում ենք վերծանել, թե նա ինչ է  ասել, բայց չենք հասկանում»: Դահլիճից ռեպլիկներ հնչեցին, ի պատասխան Դավոյանն ասաց, որ գնացել է դպրոց ու շատ լավ է սովորել:

Դավոյանի ելույթին պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի…երբեւէ խորհրդարանն այսքան ցածրակարգ եւ էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է: Տիկին Դավոյան, դուք եւ որեւէ մեկն իրավունք չունի վիրավորելու պարոն Ծառուկյանին: Իրականում շատ պարզ բան է տեղի ունեցել: Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որեւէ մեկը չի կատարել, մերժել է եւ չի հասկացել, ունակությունները բավարար չեն…նրա տեղը թատրոնն է՝ «Ազիզյանները», «Գառնիկը»… հիմա ի՞նչ անենք, մարդը չի կարողանում: Նա չի կարողացել հնարավոր ներդրումների համար պայմաններ ստեղծել: Սրա մասին է ասում պարոն Ծառուկյանը»:

Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ անհարմար է անընդհատ հիշեցնել, որ ԲՀԿ-ն կոալիցիայում է եղել. «Ես էլ ստիպված հիշեցնեմ: Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս ԱԺ-ում իրավական առումով վարչապետ չէր ընտրվի, եւ հայտնի չէր լինի, թե դուք որտեղ կլինեիք»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղից պատասխանեց. «Այդ քանի՞ գլխանի էիք, որ այստեղ վարչապետ չընտրեիք: Ժողովուրդն է այդպես պահանջել»:

Դահլիճում պատգամավորների պատասխան բղավոցները շարունակվեցին: «Մի հատ ձեզ չափավորե՜ք»,-գոռաց Նաիրա Զոհրաբյանը:

Ապա Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանի բարկությունից խոսափողները գուցե «շաքար» ստանան, բայց իրենք չեն վախենում նրա ջղային տոնից. «Երբ քվեարկել եք վարչապետի օգտին, մեզ լավություն չեք արել, այլ ժողովրդի պահանջն եք կատարել: Եթե չկատարեինք, գուցե հայտնվեիք «Հայկական ժամանակ»-ում, եթե ձեզ իհարկե ընդունեին որպես լրագրող»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031