Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շեյխերի մորաքույրներից մինչեւ «արջի ծառայություն»՝ Ծառուկյանին. պատգամավորները նախատեցին իրար

Դեկտեմբեր 04,2019 12:23

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ քաղաքապետ-շեյխեր հանդիպման շուրջ քննարկումներին՝ նախատելով իշխանական գործընկերներին, իսկ Հայկ Մարությանին կոչ անելով ուշադրություն դարձնել նման հյուրերի ընդունելության կազմակերպչական հարցերի վրա: Ուրիխանյանը շեշտեց՝ այդ հյուրերը ցանկացել էին երկու միլիարդի ներդրում անել երեւանցիների համար, մինչդեռ որոշները քննարկում են, թե այդ հանդիպման ժամանակ ով ինչ է հագած եղել, որքան է հեռախոսով խոսել, որքան է կանգնած սպասել, թագաժառանգն է եղել, թե նրա եղբայրը, եւ այլն:

Ուրիխանյանի ժամանակը սպառվել էր, հնչել էր ազդանշանը, սակայն նա շարունակում էր ամբիոնից խոսել: «Գրավե՞լ եք ամբիոնը, կոչնակը հնչում է երկրորդ անգամ, իսկ դուք խոսում եք»,-նրան ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Սա ի՞նչ մոդա է դարձել»,-տեղից արձագանքեց Ուրիխանյանը:

Նրա ելույթին քիչ ուշ անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ցավում եմ, որ նա ասեց ու գնաց: Պարոն Ուրիխանյանն իրեն չսազող բաներ է անում՝ արդեն քանի անգամ…նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում: Սա անձամբ իր վերաբերյալ եմ ասում: Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց որդիներին, եղբայրներին եւ մորաքույրներին, բայց որեւէ մեկին իրավիճակը չպետք է թույլ տալ ամբիոնի մոտ նման պահվածք դրսեւորել: Դա արջի ծառայություն է պարոն Ծառուկյանին: Դուք սխալ ճանապարհի վրա եք»,-հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով Ուրիխանյանին:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ գործընկերներին հորդորեց «կիսաժպիտով» ցուցումներ ու դասեր չտալ ԲՀԿ-ին. «Այդ իրավունքը չունեն եւ ոչ էլ ունենալու են: Այն, ինչ ասվել է քաղաքապետի հետ կապված, ճիշտ է եղել, Ուրիխանյանն էլ ճիշտ է արձագանքել, պետք չի շարունակել, սա «Արձագանք» ստուդիան չէ: Այո, ներդրողների հետ աշխատանքը ՀՀ-ում զրոյական մակարդակի վրա է»:

Մելքումյանի ելույթին էլ պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «Համ ասում եք՝ ցուցում մի տվեք, համ ինքներդ եք ցուցումներ տալիս: Այս դահլիճում մեծեր ու փոքրեր չկան, սա ամբիոն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031