Հարցազրույց արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ
– Արդեն մի քանի շաբաթ է՝ ՀՅԴ երիտասարդները եւ ուսանողությունը նախարարության շենքի դիմաց պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ի՞նչ եք կարծում, նախարարին փոխելով՝ կրթական համակարգի խնդիրները կլուծվե՞ն։
– Երբեք չեմ աշխատել այդ համակարգում եւ ծանոթ չեմ կրթական համակարգի խնդիրներին, բայց համոզված եմ, որ ՀՅԴ-ի ակցիաները քաղաքական նպատակներ ունեն, որի մեջ ներքաշված են երիտասարդները։ Եվ առհասարակ, ոչ միայն այս դեպքում, այլեւ ընդհանրապես՝ բոլոր ցույցերը, միտինգները, ստորագրահավաքները, հայրենասիրական ճառերը, գոչերն ու կոչերը մեկ պատճառ ունեն՝ քաղաքականությունը, հների ու նորերի պայքարը։
– Ուսանողությունից բացի, հասարակության որոշակի շերտ ընդդիմացավ նախարար Հարությունյանին ու նրա վարած քաղաքականությանը, որովհետեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով նախատեսվում է հայագիտական առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։ Դուք տեսնո՞ւմ եք իրական սպառնալիք, որը կարող է վտանգել հայոց լեզվի եւ հայագիտության ապագան։
Կարդացեք նաև
– Արայիկ Հարությունյանն ինչ-որ նոր բան չի հնարել. մարդը պարզապես արձանագրել է իրավիճակը՝ բուհերում եւ դպրոցներում հայերեն չեն սովորում։ Ո՞ւմ համար է սա նորություն։ Հիմա դեռ պարտադիր է, չէ՞, դեռ այդ օրենքն ուժի մեջ չի մտել, բայց եթե համալսարանում պաշտպանած մեկը գրախոսություն է գրում իմ գործի մասին, եւ նրա ողջ ասելիքը իմ գործի բովանդակությունն ինձ նորից վերապատմելն է, երբ ես՝ որպես խմբագիր, բանասիրական ավարտած հեղինակի գործում սկզբում տառասխալներն եմ ուղղում, հետո՝ մնացածը։ Արդեն կարեւոր էլ չէ՝ հայերենն այդ հաստատությունում պարտադի՞ր է, թե՞ ոչ։
Հետո՝ մենք ցարական Ռուսաստանում չենք ապրում, ոչ էլ պարսիկների տիրապետության տակ։ Ծիծաղելի է վտանգված համարել մի լեզու, որը պետական լեզու է. եթե ուրիշ բան էլ չլինի՝ փաստաթղթային ողջ գրագրությունը, կառավարության նիստերը, դպրոցների ուսուցման եւ մարդկանց հաղորդակցման լեզուն բացառապես հայերենն է։ Բայց մի քիչ շուտ է այս ծրագրի համար, մենք նախ պիտի վերացնենք նախորդ տարիների բացթողումները։ Ես դրան կողմ եմ, եթե, իհարկե, օրենքում լրացումներ արվեն, ասենք, ինչպես մի շարք երկրներում, ցանկացած բուհ ընդունվող առաջին քննությունը հանձնի պետական լեզվից եւ 18 միավորից ցածր ստանալու դեպքում իրավունք չունենա շարունակելու։ Բուհերից կարող են հանվել այդ առարկաները, բայց եթե Գիտությունների ակադեմիան ոչ թե լուծարեն, այլ՝ թարմացնեն եւ ավելի մեծ գումար հատկացնեն հայագիտական որոնումներին։ Երբ գրքերի տիրաժը գոնե համապատասխանի գրադարանների թվին, երբ մշակույթի նախարարությունը «գրքերի գնումներ» ծրագրով չգնի միայն մեռած գրողների գրքերը, երբ բուհերի գրադարանները լինեն ոչ թե պարապ կնիկների հավաքատեղ, այլ կրթամշակութային օջախ եւ այլն։ Միթե հիմա հայերենը վտանգված չէ, հենց այդ նախագի՞ծն է վտանգում։ Ինչ օրենք ուզում ես ընդունիր՝ մերօրյա մտավորականի վիճակը տեսնողը կձգտի՞ սովորել։ Սովորեն, որ ի՞նչ անեն, որ համալրեն արհամարհվածների բանակը՝ այնքան էլ տրամաբանական չէ։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում