«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկություններն ու եզրակացությունները, հետաքրքիր պատկերի ականատես եղավ։
Նախ նշենք, որ երեք խմբակցությունների կողմից ներկայացվել է 225 առաջարկ, որից 28-ը՝ իշխող «Իմ քայլ»-ի կողմից, 46-ը՝ ԲՀԿ-ի, եւ 115-ն էլ ներկայացվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Եվ ինչպես սպասելի էր, ընդդիմադիր խմբակցությունների բոլոր առաջարկները մերժվել են, որն էլ, ըստ էության, նաեւ պատճառ է հանդիսացել նախագծի վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշման։ Սակայն այս ամենից զատ հետաքրքիր է, որ իշխող ուժի 28 առաջարկներից շատ քչերն են դրական եզրակացություն ստացել։ Այլ կերպ ասած, կառավարությունը մերժել է անգամ խորհրդարանի իշխանական թեւին։
Իսկ այժմ առաջարկների մասին. օրինակ՝ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը բարձրացնել եւ հավասարեցնել 2020 թվականի համար կանխատեսվող պարենային զամբյուղի արժեքին՝ 36 հազար դրամի, սակայն այս առաջարկը չի ընդունվել։ Չընդունված առաջարկներից է նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացումների 1 տարով կասեցումն ու բազմակողմանի ուսումնասիրությունը՝ ծրագրի արդյունավետության եւ հիմնավորվածության հետ կապված։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը վերաբերում էր նորոգումներին, ընդ որում՝ մարզերի հետ կապված։ Օրինակ, նրանք առաջարկել են 2020 թվականի պետական բյուջեի միջոցներով նորոգել Արագածոտնի մարզի Օշական համայնքի մշակույթի պալատի դահլիճի բեմը, ապահովել բեմի լուսավորությունը, ջեռուցումը եւ վերանորոգել հանդերձասրահները։ Սակայն կառավարությունից պատասխանել են, որ աշխատանքների իրականացմանը հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում։ Բացի այդ, նրանք առաջարկել են 2020 թվականի բյուջեում ներառել Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը, սակայն այս դեպքում էլ նույն պատասխանն են տվել։
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշեցինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկներից շատ քչերն են ընդունվել։ Դրանցից է, օրինակ, Վահագն Թեւոսյանի առաջարկը, որը վերաբերում էր ռադիոյի եւ հեռուստահաղորդումների ֆինանսավորման ավելացմանը։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում