Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է, որ շրջիկ առեւտրի կետերից ալկոհոլ են վաճառել անչափահասներին». Սիսակ Գաբրիելյան

Դեկտեմբեր 04,2019 11:41

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը կարգավորիչ դրույթներ է սահմանում Երեւանի տարածքում շրջիկ առեւտրի կետերի եւ շարժական սրճարանների գործունեության համար:

Օրինագծի ընդունման պարագայում այդպիսի առեւտրի կետերն աշխատելու թույլտվություն են ստանալու քաղաքապետարանից, իսկ աշխատանքի նորմերը սահմանելու է ավագանին: Սիսակ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ նորմերի խախտումը ենթադրելու է 50 000 դրամ տուգանք:

Գաբրիելյանը նշեց, որ օրինագիծը սահմանելու է, թե որ տարածքներում չի կարելի կայանել շրջիկ առեւտրի կետերը, օրինակ՝ դպրոցների եւ համալսարանների դիմաց. «Եղել է, որ շրջիկ առեւտրի կետերից ալկոհոլ են վաճառել անչափահասներին»:

Պատգամավորի փոխանցմամբ՝ մոտ երկու տասնյակ անհատներ վերջերս միավորվել էին եւ ստեղծել «Շարժական սրճարանների միություն», որի հետ ինքը քննարկել է օրինագիծը. համաձայնության չեն եկել որեւէ վայրում շրջիկ առեւտրի կետերի երկարաժամկետ կայանման շուրջ, որովհետեւ, Սիսակ Գաբրիելյանի բնորոշմամբ, դա արդար չի լինի. «Երբ քաղաքապետն ապամոնտաժում է կրպակները, կրպակատերերը բողոքում են, որ հարեւան՝ երկականի առեւտրի կետերը շարունակում են գործել»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ դրական է: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ քաղաքային միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից օրինագիծը կարգավորում է ոլորտը. «Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում եւ Հրազդանում էլ այս օրինագիծը կարող է կիրառվել, բայց այս պահին մեխանիզմները փորձարկենք Երեւանում: Մյուս քաղաքների հարցին կանդրադառնանք հետո, որովհետեւ դրանցում առաջնահերթ բացօթյա առեւտուրը կանոնակարգելու խնդիր ունենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031