Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Օրվա իշխանությունների տված խոստումները ներկայացնենք առավել մանրամասն:
2018թ. մայիսին և դեկտեմբերին ձևավորված կառավարությունների ծրագրերի համաձայն՝ կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար պետք է իրականացներ արագ և արդյունավետ միջոցառումներ:
Իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր ժողովրդագրական աննախադեպ հավակնոտ նպատակադրում՝ 20 տարում կրկնապատկել բնակչության թիվը, այսինքն՝ մինչև 2040թ. ունենալ 6 միլիոն մշտական բնակչություն:
Կարդացեք նաև
2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն մշտական բնակչություն:
Ի դեպ, պոպուլիզմի տեսանկյունից հատկանշական է՝ իշխանության գալուց հետո գործողներն իրենց նախկին խոստումը վերանայեցին և ամբողջապես համապատասխանեցրին նախկինների խոստացածին՝ իրականացման ժամկետը 10 տարով երկարացվեց, իսկ թիրախն էլ 1 միլիոնով նվազեցվեց: 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկմանն էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որի հիմնական թիրախն էր՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:
Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հայտատարեցին, որ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իսկ նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում:
Շուտով կլրանա 2 տարին: Ի՞նչ է արվել և ի՞նչ ունենք:
2018թ. կեսից 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դարձավ 150 հազար դրամ: Այս փոփոխությունը խնդրահարույց էր դրված նպատակի տեսանկյունից: Եվ մեր մտահոգություններն իրականություն դարձան՝ ունեցանք պետական բյուջեից կատարվող աննպատակ հերթական ծախսը:
2020թ. կեսից ուզում են բարձրացնել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից՝ 25500 դրամ: 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը (50 հազար և 150 հազար դրամ) դառնալու են 300 հազար դրամ:
Ստիպված նորից հորդորում ենք՝ բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու համար պետական աջակցությունը պետք է առաջնային թիրախավորի 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը: Սակայն 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերի բարձրացում չի նախատեսվում: Հատկանշական է նաև՝ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:
Իսկ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չեն ենթարկվում» իշխանական հորդորներին: Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հետևյալը՝
- 2018թ. մշտական բնակչությունը նվազել է 13400-ով,
- 2019թ. 1-ին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչությունը նվազել է 8200-ով,
- 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11700-ով, որից 9500-ը գյուղական բնակավայրերում,
- 2019թ. հունվար-սեպտեմբերին՝ բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը նվազել է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամտ 1121-ով (4,1 տոկոսով), իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 20-ով, միգրացիայի մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500, 2018թ.՝ -10900), ՀՀ փաստաթղթերով 35549 քաղաքացիներ անվերադարձ մեկնել են արտասահման, փոխարենը՝ 25692 օտարերկրացիներ, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը, եկել ու մնացել են Հայաստանում:
Փաստորեն, ծնունդների բումի փոխարեն ունենք կրճատում: Խոստացված հայրենադարձությունը ևս միֆ է: Փոխարենը՝ հետևողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր՝ իրականում ավելացնելով առկա ռիսկերն աշխատաշուկայում: Սա պայմանավորված է նաև այս ոլորտի կարգավորման բացերով:
Հատկանշական է նաև, որ գործող կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից: Իսկ 2019թ. և 2020թ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:
Վերջին 30 տարիներին ծնունդների թվի նվազումը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատման: Բազմազավակ ընտանիքների կեսն անապահով է: Այս բացասական միտումները պահպանվում են:
Այստեղ էլ նորից պետք է բարձրաձայնենք՝ պետական աջակցության այս տեսակը ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածների պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Փոխարենը՝ իշխանությունը օրակարգ է բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:
Նորից նույն և իրական պատասխանների սպասող հարցերը. «Ե՞րբ են իրականացվելու խոստացված բարեփոխումները ժողովրդագրության ոլորտում: Ե՞րբ ենք արձանագրելու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցուցանիշները»:
Այս հարցերին ևս առաջարկում ենք անդրադառնալ «100 փաստեր» իշխանական ձևաչափով:
Այս նպատակով օրերս հրապարակված այլ հարցերի կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2:
Առաջիկայում էլ են լինելու նոր հարցեր՝ իշանության կողմից տրված խոստումների իրականացմանը վերաբերող:
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ