Ես միշտ դեմ եմ եղել առաջին դեմքերի հրաժարականներին, որոնք բերում են արտահերթ ընտրությունների։ Հիմա էլ եմ դեմ, եւ շատ եմ ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության մնա մինչեւ 2023 թվականը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ արտահերթ ընտրություններ եղել են երկու անգամ: 1998 եւ 2018 թվականի իրադարձությունների քաղաքական հանգամանքներն, իհարկե, խիստ տարբեր են։ Քոչարյանը, ունենալով ուժային նախարարներ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի աջակցությունը, Տեր-Պետրոսյանի հրաժարականին հասավ պալատական ինտրիգներով ու Արցախի հարցը շահարկելով, իսկ այնուհետեւ ընտրություններում «խոշոր հաշվով» պարտվեց Կարեն Դեմիրճյանին, բայց, միեւնույն է, իրեն նախագահ հռչակեց: Փաշինյանը Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրեց ժողովրդական հեղափոխության միջոցով եւ իշխանության եկավ բացառապես ազատ եւ արդար ընտրությունների միջոցով:
Կան նաեւ նմանություններ։ Նախ, երկու դեպքում էլ ընտրությունները (արդար թե անարդար) դառնում են զուտ տեխնիկական խնդիր՝ «հետիշխանափոխական» ընտրությունների արդյունքները կանխորոշված են. ով հրաժարական է պարտադրում, նա էլ իշխանություն է դառնում։ Բայց կա ավելի հիմնարար խնդիր, որն, իմ կարծիքով, խոչընդոտում է պետության զարգացմանը։ Արտակարգ հանգամանքների բերումով իշխանության եկածը երկար ժամանակ չի կարողանում կենտրոնանալ կառուցողական աշխատանքի վրա եւ ամիսներով, եթե ոչ տարիներով խոսում է «նախորդ հանցավոր ռեժիմի» եւ «ռեւանշի վտանգների» մասին։ Ներկա իշխանություններին քծնելու լավագույն ձեւն է դառնում «նախկիններին» փնովելը՝ որքա~ն մարդ է 1998-ից հետո քաղաքական կարիերա արել՝ «ցուրտումթի», ինչպես նաեւ «ՀՀՇ-ական թալանչիների» մասին սրտաճմլիկ ճառեր արտասանելով: Բացատրությունը պարզ է՝ եթե իշխանության ես եկել արտակարգ հանգամանքներով, ապա ստիպված ես անընդհատ բացատրել այդ հանգամանքները՝ խոսել ոչ թե այն մասին, թե ինչու ես այդքան լավը, այլ՝ ինչու էին «նախկիններն» այնքան վատը:
Հանուն արդարության պետք է ասել, որ 1998-99 թվականներին Վազգեն Սարգսյանը, իսկ հետո նաեւ՝ Կարեն Դեմիրճյանը փորձում էին կանխել քոչարյանա-հայլուրական այդ հիստերիան՝ գործընթացը տեղափոխելով ազգային միասնության, պետական մտածողության եւ ժառանգականության դաշտ: (Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի հայտնի ելույթը, երբ նա ասում էր՝ «դառնամ եւ փառաբանեմ Առաջին, Երկրորդ եւ Երրորդ հանրապետության հիմնադիրներին): Բայց այդ երկու պետական գործիչների փորձերը կանխվեցին հոկտեմբերի 27-ով:
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, սակայն, որ այս պահիս Նիկոլ Փաշինյանը չունի իր ազդեցության թեկուզ կեսն ունեցող զինակիցներ, եւ միայն նա է, որ կարող է ասել՝ «Վե՛րջ տվեք»: Եթե Փաշինյանը գնա արտակարգ գործընթացների հետեւանքով (ինչի հեռանկարն առայժմ, բարեբախտաբար, չի երեւում), նրան հաջորդողը դարձյալ խոսելու է «նախորդ հանցավոր ռեժիմի» մասին: Եթե՝ հերթական ընտրություններով, ապա նոր իշխանությունն ասելու է՝ «այո, եղել են սխալներ, որոնք մենք պատրաստվում ենք շտկել ահա այսպես»: Այդ տարբերակն ինձ համար շատ ավելի գերադասելի է:
…1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքում իշխանության եկած ՀՀՇ-ի ղեկավարները մոտ 2-3 ամիս խոսում էին այն մասին, թե որքան վատն էին կոմունիստները: Հետո դադարեցին: Հավանաբար, պատճառներից մեկը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասի բարձր մտավոր եւ կրթական ցենզն էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
…«Հիշո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի հայտնի ելույթը, երբ նա ասում էր՝ «դառնամ եւ փառաբանեմ Առաջին, Երկրորդ եւ Երրորդ հանրապետության հիմնադիրներին:»
Այո, հիշում եմ: Այնտեղ այսպիսի խոսքեր կային.
«Կանգ առնենք ու ամեն ինչ սկսենք բարության դաշտից: Մենք վերցնում ենք ընտրությունների մաքրության մեր մեծ բածինը, պատասխանատվության մեր մեծ բաժինը: Մնացյալը ձեր խղճի և ձեր քաղաքական կամքի հարցն է», – ցիտատի վերջ:
Փորձեմ վերաձևակերպել Վազգեն Սարգսյանի խոսքերը Ձեր նշած ելույթից ու «հնչեցնել» դրանք Նիկոլ Փաշինյանի շուրթերից:
«Կանգ առնենք ու ամեն ինչ սկսենք բարոյականության դաշտից: Մենք վերցնում ենք ընդդիմախոսի, այլ կարծիք ունեցողի, նախկինների հետ, ու ընդհանրապես՝ հաղորդակցության մեջ էթիկայի կանոններով առաջնորդվելու, ատելության խոսքից հրաժարվելու պատասխանատվության մեր մեծ բաժինը: Մենք՝ մեր քաղաքական թիմը, ստանձնում է տեղեկատվությունը բարոյականության դաշտ տեղափոխելու հանձնառությունը: Մենք «ո՛չ» ենք ասում զրպարտչական, էժանագին, միակողմանի, ամբոխահաճո, պատեհապաշտական լրագրողությանը: Հանիրավի ուռճացված է իմ դերակատարությունն այսպիսի լրագրողության ավանդուրթները մեր իրականության մեջ սերմանելու գործընթացներում, հանիրավի: Մնացյալը ձեր խղճի և ձեր քաղաքական կամքի հարցն է», – «ցիտատի» վերջ:
Դուք կհավատայի՞ք այսպիսի կոչ-խոստովանության անկեղծությանը:
Պարտադիր չէ, որ նորը գա արտահերթ տարբերակով ու ինքն իր հերթին անընդհատ քննադատի նախորդին: Կարծում եմ, որ նորն այնքան խելք կարող է ունենալ, որ հասկանա, որ չի կարելի բռնել նույն ճանապարհը, ինչ իր նախորդը՝ հատկապես որ դա տանում է «ոչ մի տեղ», և էն գլխից սկսի «շինիչ» քաղաքականությամբ: