Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպենհագենի եւ նրա բնակիչների յուրահատկությունները (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 04,2019 02:57

Մեկ շաբաթ անցկացնելով Դանիայի մայրաքաղաքում, ունենալով բազմաթիվ հանդիպումներ Դանիայի մեդիայի եւ մեդիամերձ ոլորտի տարբեր մարդկանց հետ, բազմաթիվ հետաքրքիր բաներ իմացանք այդ երկրի եւ նրա բնակիչների մասին: Կարծում եմ՝ մեր ընթերցողներն էլ կցանկանան որոշ տեղեկություններ ունենալ այդ հյուսիսային երկրի մասին:

Բնապահպանություն

Դանիացիները իսկապես մտահոգված են բնության բարիքների խնայողությամբ: Մեզ պատմեցին, որ նույնիսկ էլցանցից նամակ են ստանում, որում զգուշացում կա՝ մենք նկատել ենք, որ դուք այս ամիս ծախսել եք սովորականից ավելի էլեկտրաէներգիա՝ ամսվա այսինչ օրը, օրվա այսինչ հատվածում, խնդրում ենք ուշադիր լինել՝ արդյոք ոչ մի ավելորդ բան միացված չե՞ք թողել: Ջուրը, էլեկտրական էներգիան, բնական ցանկացած պաշար խնայելը դանիացի փոքրիկներին սովորեցնում են մանկուց՝ դեռ մանկապարտեզից երեխաների մեջ ներարկելով, որ բնության բարիքները անսահմանափանակ չեն, եւ պետք է խնայել, չշռայլել, որպեսզի իրենք եւ հետո էլ իրենց սերունդները ապագայում փաստի առաջ չկանգնեն:

Հետին պլանում երեւացողը աղբի վերամշակման գործարանն է Կոպենհագենում

Ավելորդ է ասելը, որ աղբի տեսակավորումը այստեղ համատարած բնույթ ունի: Իսկ աղբի վերամշակման գործարանը Կոպենհագենում դանիացիների հպարտության իրական առարկան է, այն մի հսկա ու գեղեցիկ շինություն է, որտեղ բացի նրանից, որ աղբն է վերամշակվում, տեղակայված է ընտանեկան ժամանցի հսկա գոտի՝ արհեստական լեռնագնացության հնարավորությամբ, արհեստական սահադաշտ՝ դահուկորդների համար լեռնադահուկային սպրոտի էֆեկտով եւ այլն : Մարդիկ երեխաների հետ գնում են այնտեղ հանգստյան օրն անցկացնելու եւ ժամանակն օգտագործում են նաեւ նրանց բացատրելու, թե ինչպես է պետք վերաբերվել բնությանը, չաղտոտել եւ հետեւել կարգուկանոնին:

Օպտիմալացում՝ դանիական ձեւով

Դանիացիները սիրում են ամեն ինչ միավորել: Օրինակ, Կոպենհագենում նույն տարածքում՝ նախկին արքայական պալատի՝ Քրիստիանսբորգի, տարբեր մասնաշենքերում են գտնվում իշխանության երեք ճյուղերը՝ պառլամենտը, կառավարությունը եւ Գերագույն դատարանը: Մեզ հանդիպած պատգամավորն ասում էր, որ այդպես հարմար է աշխատելը, հարկ եղած դեպքում մի քանի քայլ անելով կառավարության ներկայացուցիչը հայտնվում է պառլամենտում եւ քննարկում առաջացած հարցը:

Քրիստիանսբորգում են տեղակայված Դանիայի պառլամենտը, կառավարությունը եւ բարձրագույն դատարանը:

Բնապահպանները ցույց էին անում Դանիայի կառավարության առջեւ:

Մի շենքում, որի անունը DR Byen` DR քաղաք է,  տեղակայված են Դանիայի հանրային հեռարձակող հանդիսացող Դանիական ռադիո (DR) կոչվող մեդիա կորպորացիայի վեց հեռուստաընկերություն, ինը ռադիոկայան, երեք կայք եւ վեց երաժշտական խումբ, այդ թվում՝ Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Դանիական ռադիոյի շենքը H –աձեւ տեսք ունի, զբաղեցնում է 133 հազար քմ  տարածք, սնվում է միայն պետբյուջեից՝ տարեկան ավելի քան 100 միլիոն եվրոյի չափով, ունի մոտ 3500 աշխատակից: Այն կոչվում է Դանիական ռադիո՝ զուտ ավանդույթի համաձայն, իրականում, ինչպես վերը նշվեց, այն միավորում է հեռարձակման տարբեր ձեւեր իրականացնողների:

Դանիական ռադիոյի մի մասնաշենքը:

Դանիական ռադիոյի մեկ այլ մասնաշենքը:

Դանիական ռադիոյի մուտքը եւ 2-րդ հարկի ճեմասրահը:

DR-ի H-անման հատվածի մի մասը երեւում է մետրոյի «Դանիական ռադիո» կոչվող կայարանից:

Ձմեռային այգի՝ DR-ի երկրորդ հարկի ճեմասրահում:

Այսպիսի տեսարան է բացվում ռադիոյի մի հատվածի պատուհանից:

DR-ի ճաշարանի մի սրահը:

Հեռուստատեսային ստուդիաներից մեկը:

Դանիական ռադիոյի Newsroom-երից մեկը:

 

Մանկական սպասասրահ DR-ում:

 

Մեկ այլ շենքում են տեղակայված նույն տերերին պատկանող եւ իրար մրցակից երկու թերթ՝ ձախ կենտրոնամետ Politiken-ը եւ աջ կենտրոնամետ  Jyllands-Posten-ը, ինչպես նաեւ նույն սեփականատերերի թողարկած Extra bladet տաբլոիդը, որում կարելի է գտնել ոչ միայն տարբեր սկանդալային նյութեր, հոդվածներ՝ ինչպես ընդունված է ցանկացած տաբլոիդում, այլեւ՝ սեքս ծառայություններ մատուցող կանանց մերկ լուսանկարներ՝ հեռախոսահամարներով, էլեկտրոնային հասցեներով, առաջարկվող ծառայությունների նկարագրությամբ: Այդ շենքում կա նաեւ մեծ գրադարան՝ բոլոր թերթերի խմբագրությունների համար, որտեղ լրագրողները հանգստանում են ոչ միայն աշխատանքից, այլեւ համացանցից: Ինչպես նաեւ՝ հսկա ճաշարան: Ի դեպ, 2005 թ.-ին  իսլամիստ ծայրահեղականները Մուհամեդ մարգարեի թեմայով ծաղրանկարի համար Jyllands-Posten-ի ծաղրանկարչի դեմ մահափորձ էին նախապատրաստել, ինչից հետո այդ թերթի այն ժամանակվա գլխավոր մրցակից Politilken-ը եւ մի շարք այլ թերթեր վերատպել էին այդ ծաղրանկարը, նշելով, որ չնայած չեն կիսում այդ սադրիչ մոտեցումը, սակայն, համարում են, որ իրենց գործընկերոջ վրա մահափորձի նախապատրաստությունը հարձակում է դանիական ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության դեմ: Ընդհանուր հաշվով այդ պատմությունների արդյունքում 50 զոհ եղավ, քանի որ իսլամիստները հարձակումներ գործեցին տարբեր մուսուլմանական երկրներում գտնվող դանիական դեսպանությունների վրա: Այսօր այս թերթերի խմբագրությունների շենք մտնելը շատ ավելի բարդ ընթացակարգով էր, քան Դանիայի պառլամենտ մտնելը: Մետաղորսիչով ստուգում էին, պայուսակները հերթով բացում եւ ուսումնասիրում, այդ ընթացքում տասնյակ անգամ ներություն խնդրելով: Նաեւ խնդրեցին չլուսանկարել խմբագրության այն հատվածները, որտեղ երեւում են դռները:

Politiken-ի newsroom–ը:

Գրադարանի մի հատվածը:

Օպտիմալացման մի տարօրինակ պատկեր էլ տեսանք Կոպենհագենի մի հրաշալի ռեստորանում: Զուգարանը մեկն էր, սակայն այնտեղ տեղադրված էր երկու զուգարանակոնք: Թե ովքե՞ր կարող են միաժամանակ օգտվել նույն զուգարանից՝ պարզ չէ:

Որքան էլ որ տարօրինակ է, Եվրոպայի սրտում գտնվող Դանիայում եկեղեցին ու պետությունը անջատ չեն, եւ երկրի թագուհին է հանդիսանում եկեղեցու գլուխը: Այդ իսկ պատճառով, դանիացիները պետբյուջեի հաշվին են պահում իրենց եկեղեցին՝ վճարած հարկերից տոկոս է գնում եկեղեցուն: Ի դեպ, եկեղեցու մասին: Կոպենհագենի ամենահին եկեղեցիներից մեկում՝ սուրբ Նիկոլայի եկեղեցում, ոչ միայն հոգեւոր, այլեւ մարմնական սննդի ապահովման մասին են մտածել: Եկեղեցու շենքի մի հատվածը հիմա ռեստորան է, որի անունը թարգմանաբար «Ստամոքս» է նշանակում: Կարող ենք դա էլ դիտարկել որպես միավորման, օպտիմիզացիայի օրինակ:

Սուրբ Նիկոլայի տարածքում գտնվող «Ստամոքս» ռեստորանը, որը մի քանի անգամ «Միշլենի» աստղ է ստացել:

Թագուհու պալատն էլ, իր հերթին, միավորման մեկ այլ օրինակ էր: Նույն բակում գտնվող չորս միանման շենքերից մեկը թագուհու կեցավայրն է, մյուսը՝ թագաժառանգ արքայազնի, երրորդն ու չորրորդը բաց են հասարակության համար, նրանցում տեղակայված են ցուցասրահներ, գրադարաններ, ընդունելությունների տուն:

Սա թագուհու կեցավայրն է, քանի որ թագուհին քաղաքից դուրս գտնվող իր մեկ այլ կեցավայրում էր գտնվում, այս շենքի վրա դրոշ չի ծածանվում:

Իսկ ահա թագաժառանգը տեղում էր, նրա պալատի վրա դրոշ է ծածանվում:

Ամեն կեսօրի զբոսաշրջիկները հավաքվում են դիտելու դանիական արքունիքի զինվորների հերթափոխի արարողությունը:

Համացանցից վերցրած այս նկարում պարզ երեւում է Ամալիենբորգի համալիրը, իսկ մյուս ափին երեւում է թագավորական օպերայի շենքը, որտեղ, ի դեպ, նոյեմբերի 28-ին Մոցարտի Cosi fan tutte ներկայացման մեջ գլխավոր՝ Ֆյորդիլիջիի դերում հայազգի Աննա Կասյանը փառահեղ հանդես եկավ:

Ծովափին գտնվող այս տաղավարում թագուհին սպասում է իր զբոսանավին, որն, ի դեպ, գնվել է 1925 թվականին՝ գրեթե մեկ դար առաջ: Սակայն թագուհու մտքով անգամ չի անցնում դանիական հարկատուների գումարները ծախսել նոր զբոսանավի համար:

Քաղաք՝ քաղաքի մեջ

Դանիայի մայրաքաղաքում է գտնվում «Քրիստիանիա ազատ քաղաք» անվամբ հայտնի տարածքը, որն ինքն իրեն անկախ հռչակած  թաղամաս է՝ մոտ 850 մարդ բնակչությամբ, այդ թվում՝ մոտ 200 երեխա, եւ զբաղեցնում է 7 հեկտար տարածք Կոպենհագենի Քրիստիանհավն ավանում։ Քրիստիանայում գործում են սեփական կանոնները, սեփական օրենքները, դանիական պետությունը աշխատում է չխառնվել այդ տարօրինակ, «մեղավոր երկրի» գործերին: Դեռ 1970-ականներից այդ տարածքում հիմնավորված հիպիների, անարխիստների, օրենքի գերակայությունը չընդունողների համայնքը տարիներ շարունակ պայքարում էր իր անկախության համար, եւ 1991-ին Քրիստիանիայի եւ Դանիայի կառավարության մեջ կնքվեց համաձայնագիր, որով որոշվեցին երկու «երկրների» միջեւ համակեցության կանոնները:

Դեպի Քրիստիանիա տանող փողոցներն են, հենց Քրիստիանիայում լուսանկարահանումը խստիվ արգելված է:

Սակայն Քրիստիանիայի ժողովուրդը, դատելով իրենց կայքում տեղադրված մտքերից, ամեն վայրկյան վախ ունի, որ մեծ աշխարհը, առնվազն դանիական կառավարությունը նպատակ ունի վերացնել այս ազատ քաղաքը, եւ որպեսզի դա տեղի չունենա, նրանք կոչ են անում իրենց բնակչությանը մշտապես պահպանել ինքնավարության ներսում գործող կանոնները, որպեսզի պետության ձեռքերը «չազատեն»: Իր գոյության գրեթե հիսուն տարում  «ազատ քաղաքի» եւ դանիական կառավարության միջեւ քանիցս եղել են առճակատումներ, սակայն արմատական քայլերի պետությունը դեռ չի գնացել:

Քրիստիանիան աշխարհի հատուկենտ վայրերից է, որտեղ մարիխուանան, հաշիշը վաճառվում են բաց սեղանիկների վրա դրված, առանց թաքցնելու, պարզապես անցնում ես մի շարք սեղանիկների մոտով, ընտրում քեզ դուր եկած բույրով խոտը, հաշիշը կամ մարիխուանայով թխվածքը, ազատ վճարում՝ միայն թե կանխիկ, եւ հենց տեղում օգտագործում՝ առանց կողքերդ նայելու՝ վա՜յ, տեսնող չլինի…

Այստեղ գործում են մի քանի փաբ, ցուցասրահներ, սրճարաններ, կիրառական արվեստի վաճառքի կետեր: Մի քանի փաբ մտանք, դրանց հիմնական մասում մարիխուանայի բուրմունքն էր եւ մի տեսակ աշխարհից վերացած, բայց երջանիկ դեմքերով երիտասարդներ, հնչում էր քանթրի եւ բլյուզ: Բայց պատահաբար հայտնվեցինք մի փաբում, որը մեզ վրա շոկային ազդեցություն թողեց. այնտեղ կարծես հավաքված լինեին աշխարհի ամենախորը հատակը գլորվածները՝ նրանց դեմքերը, մարմինները ձեւախեղված էին, մարդկային կերպարանքից շատ քիչ բան էր մնացել, կարծես սարսափ-ֆիլմում հայտնված լինեինք, եւ այդտեղ անգամ շնչելու օդ չկար, խեղդվելով դուրս եկանք: Շատ եմ ափսոսում, որ լուսանկարելու հնարավորություն չունեինք, այլապես այդտեղ գտնվողներից յուրաքանչյուրի դիմանկարը կարող էր թմրանյութերի դեմ արշավի իրական իլյուստրացիա դառնալ:

Հարկեր եւ հարկատուներ

Դանիայում հարկերը շատ բարձր են՝ ընդուպ մինչեւ 62 տոկոս: Բայց դա վերին շեմն է, այդքան վճարում են ամենաբարձր եկամուտ ունեցողները, որքան քիչ է եկամուտդ՝ այնքան քիչ հարկ ես վճարում: Սակայն դանիացիները առանձնապես չեն դժգոհում բարձր հարկերից, որովհետեւ նրանք շատ լավ գիտեն, որ այդ հարկերի շնորհիվ է իրենց երկրում առողջապահությունը, հանրակրթական եւ բարձրագույն ուսումնառությունը՝ անվճար, ճանապարհները՝ կատարյալ, քաղաքը՝ մաքուր, զբոսայգիները՝ շատ ու մեծ տարածքով:

Թերեւս ամենահայտնի դանիացու՝ Հանս Քրիստիան Անդրսենի գլուխգործոցներից մեկի՝ Ջրահարսի հայտնի արձանը, որ դարձել է Կոպենհագենի սիմվոլներից մեկը:

Անգլիկան եկեղեցի Կոպենհագենում, իսկ եկեղեցու առաջ Կոպենհագենի ամենագեղեցիկ շատրվաններից մեկն է, որը պատկերում է սկանդինավյան աստվածուհի Գեֆիոնին, որը համարվում է Դանիայի «նախամայրը», քանի որ նա է, ըստ առասպելի, Դանիան առանձնացրել Շվեդիայից:

Հարկատուների փողերով են ապրում նաեւ թագավորական ընտանիքը եւ եկեղեցին: Եվ դանիացիները շատ լավ գիտակցում էին, որ այդ պետության մեջ ամեն ինչ կառուցվում է, ամեն ինչ արվում է իրենց փողերով, քանի որ իրենց վճարած հարկերով է գոյանում պետական բյուջեն, եւ դրա համար նրանք բոլորը տեղյակ են, թե իրենց վճարած գումարների որ տոկոսը ուր է գնում, որ տոկոսով ինչ են կառուցում եւ այլն:

Հեծանիվներ

Դանիայում, հատկապես Կոպենհագենում, որը հիմա մարդիկ կոչում են նաեւ հեծանիվների քաղաք, այնինչ իրականում այն թարգմանվում է որպես առեւտրականների նավահանգիստ, հեծանվորդներները գրեթե բոլոր փողոցներում ունեն առանձին ուղիներ, առանձին լուսացույցեր, լայն իրավունքներ: Նրանք կանգնում են իրենց համար նախատեսված կարմիր լույսի տակ, նրանք չեն հանդուրժում հեծանվուղիների վրա ճեմող հետիոտներին:

Հեծանիվների կայանատեղիները Կոպենհագենում ամեն քայլափոխի են:

Դանիայի պառլամենտի առջեւ նույնպես մեծ կայանատեղի է հեծանիվների համար:

Հեծանվորդները իրենց ճանապարհի վրա են, սպասում են իրենց համար նախատեսված լուսացույցի կարմիր լույսը կանաչի, որպեսզի շարունակեն ճանապարհը:

Հեծանվապարկ՝ մետրոյի կայարանի մոտ:

Նրանք իրենց հեծանիվներով գնում են ոչ միայն աշխատանքի, այլեւ, ասենք, օպերա: Ինձ համար շատ արտառոց էր տեսնել օպերային ներկայացումից հետո օպերայի շենքի մոտ շարված բազմաթիվ հեծանիվներից մեկի մոտ կանգնած մի 80-ն անց տատիկի, որը հանեց իր բարձրակրունկ կոշիկները, հագավ բոթասները, կոշիկները տեղավորեց հեծանվի զամբյուղիկում, հագավ սաղավարտը եւ սլացավ… Շատ հեծանիվների ամրացված են սայլակներ, որոնցով մայրիկները կամ հայրիկները տեղափոխում են իրենց երեխաներին: Երբեմն՝ միաժամանակ երկուսին կամ երեքին: Թեեւ հեծանիվ քշելու համար ոչ մի փաստաթուղթ պետք չի, սակայն ոստիկանն իրավունք ունի կանգնեցնելու իր կարծիքով տարօրինակ ձեւով քշողներին եւ ստուգելու՝ արդյո՞ք ալկոհոլ չեն ընդունել: Դրական պատասխանի դեպքում ոստիկանը հորդորում է վարորդին՝ իջնել հեծանիվից, անցնել հետիոտների համար նախատեսված մայթը եւ հեծանիվը ձեռքով հրելով հասնել տուն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Կոպենհագեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031