Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չգայթակղվել կարճաժամկետ էֆեկտներ ապահովող լուծումներով

Դեկտեմբեր 04,2019 13:00
Hayk Sargsyan

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, ավելի քան 4 տասնամյակ Ձեր աշխատանքային գործունեությունը եղել է գիտակրթական եւ պետական կառավարման համակարգերում։ Ո՞ր խնդիրներն եք կարեւորում ներկայումս։

– Կարծում եմ, որ կրթության ոլորտում ինչպես կար, մեր գերխնդիրը առավելագույնս նպաստ բերելն է համակողմանի զարգացած, մտածող, ստեղծարար անհատի ձեւավորմանը։ Կրթված քաղաքացին պետք է ազգային ինքնության կրողը լինի։ Քաղաքացին չպետք է պատանդ դառնա ինչ-ինչ տեղեկատվական շտեմարանների, սակայն միաժամանակ պետք է կարողանա գրագետ օգտվել արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Այսօր տնտեսագետ-մասնագետը, ով որոշումներ է կայացնում ռիսկի եւ անորոշությունների պայմաններում, գիտելիքներ պետք է ունենա նաեւ իրավագիտությունից, սոցիոլոգիայից, մաթեմատիկայից, հոգեբանությունից եւ այլն։ Այդ առումով բուհերում կրթական ծրագրերի արդիականացումը ժամանակի պահանջ է։

Ինչ վերաբերում է պետական կառավարմանը եւ ընդհանրապես կառավարմանը պետաիշխանական համակարգերում, այստեղ ամենակարեւորը հնարավորինս զերծ մնալ, առավել եւս՝ չգայթակղվել ընդամենը կարճաժամկետ էֆեկտներ ապահովող լուծումներից՝ մշտապես գիտակցելով, որ դրանք կորստաբեր կարող են լինել երկարաժամկետում։

– Ինչպիսի՞ն է Ձեր դիտարկումը նույն գերխնդրի առումով՝ արդարադատության ոլորտում։

– Կարծում եմ, սա թերեւս ամենաանմխիթար վիճակում հայտնվածն է։ Վերջին տարիներին որպես տնտեսագետ-գիտաշխատող ավելի մոտիկից առնչվելով այս ոլորտին, ավելի համոզվեցի, որ մեր երկիրը սոցիալական ու տնտեսական նոր ուղեծիր դուրս բերելու նպատակադրումը հասանելի կլինի ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման, ինստիտուտների լիարժեք գործարկման ու սահմանադրականության մակարդակի բարձրացման պարագայում։ Անցյալ տարեվերջին կայացած «Ի՞նչ անել» գիտագործնական խորհրդաժողովում որպես իշխանության գերխնդիր նոր ուղեծիր դուրս գալու, սոցիալ-տնտեսական վերելք ապահովելու նախապայման, նշել եմ, որ արդարադատությունը որեւէ կերպ չպետք է ստորադասվի։ Երկրի համար այսօր խիստ կարեւոր են արդար դատավարությունները՝ ուղղված ոչ միայն ապօրինի ունեզրկման, մյուս բեւեռում՝ ապօրինի հարստացման, քրեական, քաղաքացիական գործերով, այլեւ մեր ժամանակներում շատ կարեւորվող պայմանագրային հարաբերությունների գործերով։ Տնտեսական վեճերը, զորօրինակ սնանկացման գործերը դատարաններում պետք է ստանան բավարար լուծումներ։

Արդարադատության չափորոշիչների ու նշաձողերի մասին դատողություններն ինձ հիշեցրին հայտնի ու պարզ մի խնդիր. ինչպե՞ս, դիցուք, թխվածքաբլիթը բաժանես դիմացինիդ հետ, որ այդ բաժանումը արդար լինի, առարկություն չառաջացնի շատուքչի հարցում։ Լուծումը հետեւյալն է՝ բաժանում ես եւ դիմացինիդ առաջարկում ընտրել։ Իրականում արդարության նման սկզբունքների կիրառությունները բազմապիսի ոլորտներում հեշտ չեն, բայց ոչ անլուծելի։ Գլոբալ առումով սահմանադրականությունը կարող է վերելքի երաշխիք լինել եւ հանդիսանալ «նեղ տեղերի» հաղթահարման համադարման։

– Պատահակա՞ն են, արդյոք, տնտեսագետին ոչ բնորոշ շեշտադրումները, երբ խոսում ենք մեր երկրի տնտեսական զարգացման մասին։

– Համաձայն եմ շեշտադրումների փոխակերպման հարցում, եւ դա պատահական չէ։ Անսովորը, երբ կարծես պարկուճից դուրս են գալիս տնտեսական աճի խնդիրը, ներդրումները, սպառումը եւ այլն։ Անսովոր, բայց տեղին է, երբ նույն տնտեսական աճը, կարծրատիպերից դուրս, դիտարկվում է նրան շրջապատող աշխարհի դիրքերից՝ գործող ու չգործող ինստիտուտների, մարդկանց մտածողության ու վարքագծային նորմերի, երկրի ընդերքի ու վերգետնյա գույքի տիրապետման, տնօրինման, օգտագործման ու հազարումի առաջին հայացքից առավելապես արտատնտեսական խնդրահարույց հարցերի տեսանկյունից։

Իսկ այս թվարկումների շարքում՝ գագաթին է մեկ այլ թվացյալ արտատնտեսական, սակայն հիմնարար խնդրահարույցը որն է` ԳԱՂԱՓԱՐԸ։ Ավելին, եթե այդ խնդրահարույցը մեկուսի քննարկումներից հետո բավարար չափով «չհասցվի տեղերին», չդառնա համընդհանուր գիտակցված սեփականություն հասարակության յուրաքանչյուր անդամի համար, այն միս ու արյուն չի ունենա, ամուլ կմնա։

Եվ այսպես, տնտեսական հեղափոխություն գաղափարի մասին։

Նախ նկատենք, որ գաղափարի հռչակումը հաջորդիվ էր 2018 թվականի ապրիլ-մայիս քաղաքական հայտարարության տեսքով։ Տնտեսական հեղափոխության երկունքի ցավերով չեն տառապել մինչ այդ։ Թերեւս այդ հասակացության առաջին բնութագրական հատկանիշն այն է, որ այն համաշխարհային գործընթաց էր։ Այդ մասին քիչ հետո։ Այնուամենայնիվ, տնտհեղափոխությունը ծննդից հետո պետք է տեղափոխվեր կենսագործման հուն, որը ոչ բոլոր նորածիններին էր տրված։ Այստեղ կարեւորը ոչ մեռելածին լինելու գաղափարն է։ Թե ինչո՞ւ հիշատակեցի նաեւ չապրող գաղափար-իրողությունը, որովհետեւ դրանք էլ հազվադեպ չեն կյանքում։ Գլուխը քարը, եթե դրանք լոկալ բնույթ ունեն եւ հետեւանքները կործանարար չեն հասարակության մասշտաբով։ Այդ մասշտաբների շարքից են զորօրինակ հողը առաջինը սեփականաշնորհելու (մոռացել էինք ենթակառուցվածքների, արդար կառուցակարգերի ու այլ պայմանների մասին) նախկին ԽՍՀՄ տարածքում։ Գաղափարը, որ կունենանք լուրջ ձեռքբերումներ՝ ընդամենը խաբկանք էր։ Մեկ այլ օրինակ՝ որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ կշրջանցի։ Բայց մենք ստացանք ամենահուժկու հարվածներից մեկը՝ 14 տոկոս տնտեսական անկում։

Հիմա՝ առակի տեսքով հիշատակումս։ Առակի հեղինակը (Հրաչիկ Սեւոյան) նկարագրում է, թե ինչպես մեկը ջանադրաբար փորձում է կաղապարի մեջ դնել շան պոչը։ Այդ նպատակով շան պոչիկը պահում է հունցած կավե զանգվածի մեջ։ Բայց ապարդյուն, շնիկի պոչի շարժումներից կաղապարը փլվում է։ Անհաջողության մատնված, ձեռնարկի նկարագրումից հետո առակագիրը ավարտում է հետեւյալով.

Ի՞նչ մեղք ունի կաղապարը,

Երբ չի գործում գաղափարը։

Շատ ուսանելի է։

Այժմ անդրադառնանք խնդրո առարկա՝ տնտեսական հեղափոխության գաղափարին, նրա գոյությանը, ընկալումներին։ Ազգային ինքնության ձեւավորման ու պահպանման համար հայոց լեզվի պարտադիր լինելը բուհում համոզիչ եւ միանշանակ չէ։ Ասվում է, որ լեզուն մտածողություն է, լիովին համաձայն եմ։ Բայց մտածողություն է ձեւավորում մեկ այլ լեզուն՝ մաթեմատիկան։ Հաջորդը՝ իսկ մտածողությունը չպե՞տք է ձեւավորվի ու ամրանա մանկապարտեզում, հանրակրթությունում, եթերի հաղորդումներով եւ այլն։ Այս հարցում, կարծում եմ, օրենքի նախագծում անցումային դրույթները պետք է ուժեղացնեն հայոց լեզվի դրվածքը նախ եւ առաջ հանրակրթությունում, իսկ բուհերում կարող են այն ուսուցանել առանց պարտադրանքի նորմի ամրագրման։

 Զրույցը` Անի ՍԱՀԱԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031