Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի եւ նպատակների մասին»

Դեկտեմբեր 04,2019 14:30

Silicon Mountains համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Silicon Mountains համաժողովը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները եւ հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին եւ լավագույն ուսանողներին կներկայացնեն եւ նրանց հետ կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները,ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարեւորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի կունենան քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական ինտելեկտ, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Համաժողովի պատվավոր հյուրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն է։

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, կարեւորելով համաժողովի անցկացումը, նշել է, որ այն վերաբերում է բարձր տեխնոլոգիական ոլորտին, որտեղ կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաեւ նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն։

«Համատեղ նախաձեռնության հիմքում Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեղական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ու ճանաչում վայելող փորձագետների համար հարթակ ստեղծելն է. հարթակ, ուր հնարավոր է միասնաբար նախանշել ոլորտի զարգացման հեռանկարները: Silicon Mountains հովանու ներքո ակնկալում ենք բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները: Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, եւ որ առավել կարեւոր է՝ նպատակների միասնաբար իրագործումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով, առաջին անգամ կազմակերպվող միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին», տեխնոլոգիական կրթության մարտահրավերներին եւ տնտեսության թվայնացման առավելություններին, հանդիսանում է մեկնարկը՝ ամենամյա խոշոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի անցկացման համար:

«Այս տեխնոլոգիական միջոցառումը Հայաստանի եւ տնտեսության տարբեր ճյուղերում գործող հայկական ընկերությունների համար յուրահատուկ նախապատրաստություն է 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։ Մեկ հարկի տակ միավորելով տեղական եւ համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններին, տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, համալսարաններին՝ հնարավորություն է ստեղծվում առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ակնկալվող հեղափոխական փոփոխությունների հետ համընթաց շարժվել եւ լավագույնս օգտվել առաջացող հնարավորություններից՝ գրավելով բարենպաստ դիրքեր տնտեսության նոր ուղղություններում»,-ընդգծել է Արմեն Բալդրյանը:

«Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի եւ նպատակների մասին: Միջոցառումը եւս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մեզ տեխնոլոգիական քարտեզի վրա նշել մեր երկիրը: Երկիր, որտեղ ոչ միայն ՏՀՏ լուծումներ են կիրառվում, այն նաեւ մենք ենք մեր լուծումները առաջարկում արտերկրում: Միջոցառմանը բանախոսներ են լինելու համաշխարհային առաջատար կազմակերպություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ունենալու ենք թվով յոթ տեխնոլոգիական շնորհանդեսներ։ Կարծում եմ, մեզ սպասում է բավականին հետաքրքիր եւ հագեցած երկու օր»,-նշել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Առավոտ» օրաթերթ
3.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031