Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի ջղաձիգ պահվածքի պատճառը

Դեկտեմբեր 04,2019 12:00

«Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ…»,- վստահեցնում է Փաշինյանը

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստում, անդրադարձել էր Հայաստանի, տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, ինչպես նաեւ՝ խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Նա շեշտել էր, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, եւ խաղաղ բանակցություններին ու խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

Փաշինյանը նաեւ հավելել էր, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ՀԱՊԿ երկրների անվտանգության համար. «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետեւանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաեւ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արեւմուտքում եւ արեւելքում»:

Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար, եւ նրա խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ եւ պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձեւաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը», – ասել է Փաշինյանը:

Վերջին շրջանում Փաշինյանը միջազգային հարթակներն օգտագործում է Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմ հրահրելու հնարավոր հետեւանքների մասին բարձրաձայնելով եւ մշտապես հասկացնել է տալիս, որ պաշտոնական Երեւանը սպասում է Ալիեւի պատասխանին՝ արդյոք նա պատրաստ է խաղաղության եւ զիջումների: Այսինքն՝ նա միջազգային հանրությանն ուղերձ է հղում այն մասին, որ Ալիեւի ռազմատենչ քարոզչությամբ, մաքսիմալիստական պահանջներով բանակցություններ շարունակելն անիմաստ կդառնա:

«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, եւ ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում՝ բանակցային գործընթացում ենք լինում նաեւ Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, եւ Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,- օրերս լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է. «Ինքներս շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը նկատել է. «Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որը ընդունվել է եւ արտահայտվել տարբեր առիթներով: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»։

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանն ու կրակոցներին, Մնացականյանը նկատել է, որ հարցը շատ կարեւոր է բանակցային ամբողջության մեջ. «Մենք դա համարում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ։ Ինչ արտահայտել ենք Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում, եղել եւ մնում են օրակարգային։ Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների հասնելուն, մեզ համար եղել են գերակայություններ»:

Հայաստանի արտգործնախարարն էլ իր հերթին թեժ է պահում Արցախի ձայնի թեման, ինչպես նաեւ, շեշտում է՝ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Այս համատեքստում Ադրբեջանի նախագահի ջղաձիգ պահվածքը՝ Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ խիստ վտանգավոր հայտարարություններով, որոշակիորեն հասկանալի են. նա թերեւս, համարում է, որ հայկական կողմի հետ էլ հեշտ չի լինելու բանակցելը, ինչպես նրան, գուցե, թվացել էր մեկ տարի առաջ:

Նկատենք նաեւ, որ օրեր առաջ բանակցային գործընթացում Արցախի ներգրավմանն անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով. «Դա կողմերին ուղղված հարց է, որոնք հենց պետք է որոշեն եւ համաձայնեցնեն մասնակիցների կազմը։ Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Եթե երկու պետությունների միջեւ ձեռք բերվեն պայմանավորվածություններ, մենք կսատարենք դրանց»,- ասել է Զախարովան։

Հավելենք, որ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու, որտեղ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ. «Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ: Նաեւ նախատեսվում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ 2020թ. խորհրդակցությունների ծրագրի ստորագրում»,-հավելել էր Զախարովան:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային տարբեր կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային անվտանգությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ։ ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտապես բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում։ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր նաեւ հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նման ակցիաները: Ըստ Զախարովայի՝ այդ նախաձեռնությունը հումանիտար բնույթ է կրում եւ իրականացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու նպատակով։

Լավրովի այցի արդյունքում ռուս-ադրբեջանական բանակցություններում ոչ կուլիսային պայմանավորվածությունների տրամադրությունների մասին հնարավոր կլինի, թերեւս, դատել ավելի ուշ Ադրբեջանի իշխանական վերնախավի, փորձագետների գնահատականներից ու մամուլի հրապարակումներից:

Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: Փաշինյանը կարեւորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը եւ նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Նա իր խոսքում նշել է, որ այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ. «Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, որովհետեւ Զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որեւէ բան իմաստ չի ունենա»:

Փաշինյանը նաեւ հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ, մասնավորապես ասել է. «Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս եւ այդպես լինելու է միշտ եւ այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարեւոր իմաստը մտքի եւ զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան»: «Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ եւ ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ», -վստահեցրել է նա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 3.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031