Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական գումարները սենատոր Գրեհեմին դրդել են արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Դեկտեմբեր 03,2019 23:23

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

2019 թ․ նոյեմբերի 13-ին սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից (հանրապետական, Հարավային Կարոլինա) Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Սենատի քվեարկության արգելափակումը մտորումների տեղիք տվեց, թե ինչն էր դրդել նրան այդպես վարվել։ Պատճառները տատանվում էին՝ սկսած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը նրա հանդիպումից՝ նրա քվեարկությունից անմիջապես առաջ մինչև նրա կտրուկ շրջադարձերը մի քանի այլ հարցերի շուրջ և նախագահ Թրամփի թուրքամետ քաղաքականությանը ենթարկվելը։

Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ սենատոր Գրեհեմի քվեարկությունը բացատրելու ևս մեկ ծանրակշիռ պատճառ է այն գումարները, որ նա ստացել էր թուրք ամերիկացիներից՝ իր քաղաքական քարոզարշավների համար։

Յան Ջ․Լինչը հոդված է գրել Ahwalnews.com կայքում՝ փաստագրելով թուրքական նվիրատվությունները սենատոր Գրեհեմի քարոզարշավներին։ Այս գումարները հավելում են այն միլիոնավոր դոլարներին, որոնք Թուրքիայի կառավարությունը վճարում է Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերություններին, որպեսզի խոչընդոտեն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: 2019 թ․ հոկտեմբերի 11-ին Akin Gump Strauss Hauer & Feld ընկերությունն ավելացվեց Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների երկար ցանկին։ Հետաքրքիր է, որ այս լոբբիստական ընկերությունը վարձել է TransAtlantic Petroleum տեխասյան ընկերությունը, որը շահեր ունի Թուրքիայի նավթագազային ոլորտում։ Akin Gump-ը լոբբինգ կանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը խափանելու համար, մի բանաձև, որը Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ ընդունեց  2019 թ․ հոկտեմբերի 29-ին:

Լինչը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը Միացյալ Նահանգներում գումարներ չի ծախսել լոբբինգի վրա, իսկ Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունները լոբբինգի համար շատ քիչ գումար են ծախսել՝ թուրքական կառավարության ծախսած միլիոնավոր դոլարների համեմատությամբ։ «Ըստ ԱՄՆ հարկային վարչության (IRS) վերջին տվյալների՝ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) 2017-ին հավաքել է մոտ 2 միլիոն դոլար, սակայն որպես 501 (գ) (3) ոչ առևտրային խումբ նրան չի թույլատրվում ծախսել իր բյուջեի զգալի մասը լոբբինգի համար։ Համաձայն Լոբբինգի բացահայտման օրենքով (LDA) պահանջվող տեղեկատվության՝ ԱՀՀ-ն լոբբիստական ​​գործունեության համար 2018 թ․ ծախսել է 95 հազար դոլար, և մինչև այսօր 2019-ին ծախսել է 80 հազար դոլար։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը գրանցված է որպես 501 (գ) (4) ոչ առևտրային կազմակերպություն, ինչը նշանակում է, որ այն կարող է իր բյուջեի մեծ մասը ծախսել լոբբինգի վրա: 2017-ին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 850 հազար դոլար, սակայն կազմակերպությունը լոբբինգի համար վերջին երկու տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի ծախսել է միայն 120 հազար դոլար՝ համաձայն LDA- ի բացահայտումների»։

2019 թ․ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո, Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն (TASC) գործի անցավ՝ կանգնեցնելու Ներկայացուցիչների պալատի նմանօրինակ բանաձևի ընդունումը Սենատում։

Ըստ Լինչի՝ «TASC- ի ղեկավարությունը և նրանց գործընկերներն անմիջական կապեր ունեն Էրդողանի ներքին շրջանակների և Գրեհեմին անհատական ​​քաղաքական նվիրատվություններ կատարելու սովորություն … TASC-ի համանախագահ, դոկտոր Հալիլ Մութլուն Էրդողանի զարմիկն է: Նա և իր կինը 2016 թ․ օգոստոսի 8-ին նվիրաբերել են ընդհանուր առմամբ 10800 դոլար Team Graham Inc.-ին, Սենատում 2020 թ․ սենատորի վերընտրման քարոզարշավի համար։ Նրանց անհատական նվիրատվությունները՝ 5400 դոլար յուրաքանչյուրը, առավելագույնն է, որը անհատը կարող է տալ քաղաքական քարոզարշավին ԱՄՆ-ում, ամեն ընտրական փուլին: Մութլուի գործատուն՝ Մասաչուսեթս քաղաքում գտնվող Բեյսթեյթ բժշկական կենտրոնը Team Graham-ի նվիրատվությունների ամենամեծ աղբյուրներից մեկն է: Ընթացիկ ընտրական փուլում հիվանդանոցի աշխատակիցները նվիրաբերել են 21600 դոլար սենատորի 2020 թ․ քարոզարշավին»։

Թուրքիայի հետ կապված ևս մեկ ընկերության՝ Nimeks Organics-ի աշխատակիցները սենատոր Գրեհեմի քարոզարշավի գլխավոր դոնորների թվում են, որոնք այս ընտրական փուլում տրամադրել են ընդհանուր առմամբ 16200 դոլար անհատական նվիրատվություններ։ «Nimeks-ը Բնական մթերքների խմբի ապրանքային գիծ է Փենսիլվանիայում, որը սննդամթերք է ներմուծում Թուրքիայից։ Ընկերության գլխավոր տնօրեն Մուրատ Գուզելը նաև TASC-ի գանձապահն է», տեղեկացնում է Լինչը:

Բացի այդ, Գուզելի ընտանիքը ընդհանուր առմամբ 8100 դոլար է նվիրաբերել Գրեհեմի նախագահական քարոզարշավին 2016 թ․ հունիսի 28-ին, «չնայած այն բանին, որ նախորդ տարվա դեկտեմբերին Գրեհեմը դուրս էր եկել այդ մրցարշավից: Նվիրատվությունը արվեց Թուրքիայում հեղաշրջման փորձից անմիջապես հետո», հաղորդել է Լինչը: «Ընդամենը մի քանի շաբաթ անց, Գուզելը և նրա ընտանիքը ևս 10800 դոլար նվիրաբերեցին Team Graham-ին՝ մեկ օր առաջ, երբ Մութլուի ընտանիքը նույն գումարը նվիրաբերել էր օգոստոսի 8-ին։ Ոչ Մութլուները, ոչ Գուզելները չեն հանդիսանում Գրեհեմի ընտրողները․ նա ներկայացնում է Հարավային Կարոլինան»:

Տարօրինակ է, որ Գուզելը նվիրաբերում էր հանրապետական ​​սենատորին այն ժամանակ, երբ «նա Դեմոկրատական ​​ազգային հանձնաժողովի ժառանգության խորհրդի նախագահն էր և շուրջ 300 000 ԱՄՆ դոլար նվիրաբերել էր Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավին աջակցող դեմոկրատական հանձնաժողովներին», ասում է Լինչը: Գուզելը պետք է որ լուրջ պատճառ ունենար՝ լինելով մի կուսակցության հանձնաժողովի ղեկավար, նվիրաբերել իրենց հակառակորդին։

Գուզելը սերտ կապեր էր հաստատել նախագահ Էրդողանի փեսա և Թուրքիայի գանձարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի, նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի և նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինի հետ։ Ժամանակ առ ժամանակ, Գուզելը «խնդրում է թուրք պաշտոնյաների օգնությունը իր քաղաքական գործունեությոնը համակարգելու համար», որը հայտնի դարձավ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը կոտրելուց հետո՝ ըստ Լինչի։

Զարմանալի չէ, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում էր TASC- ի պաշտոնյաներին։ «2016 թ․ սեպտեմբերի 8-ի էլեկտրոնային նամակում TASC- ի համահիմնադիր Իբրահիմ Ույարը ասել է Ալբայրաքին, որ ՀԴԲ-ն նրան հարցրել է, թե արդյոք TASC- ը և թուրքական այլ կազմակերպություններ ներգրավված են թուրքական կառավարության անունից ամերիկյան քաղաքականության մեջ միջամտելու փորձերին: Ույարը նաև նշել է, որ հարցաքննվել են մի քանի այլ անձինք, այդ թվում ՝ Գուզելը և Թուրքական ժառանգության կազմակերպության հիմնադիր նախագահ Հալիլ Դանիշմազը»։ Տարիներ առաջ Ալբայրաքին ուղարկված էլեկտրոնային նամակներում, Դանիշմազը մի անգամ առաջարկել էր «քողարկված» լոբբիստական ​​քարոզարշավ իրականացնել՝ «ԱՄՆ-ում լոբբիստական ​​գործունեությունը սահմանափակող ֆինանսավորման կանոնները և հարկային խոչընդոտները հաղթահարելու համար»: Երբ էլեկտրոնային նամակները բացահայտվեցին, Դանիշմազը հեռացավ Թուրքական ժառանգության կազմակերպությունից, հաղորդել է Լինչը։

Turkish Coalition Northeast PAC-ը ևս նվիրաբերել է սենատոր Գրեհեմի քարոզարշավին։ Այս տարվա ապրիլին այն առավելագույն թույլատրելի նվիրատվությունը՝ 5000 դոլար, արեց Team Graham-ին՝ «նրա ամենամեծ նվերը թեկնածուի հանձնաժողովին ներկայիս ընտրական փուլում», պարզել է Լինչը:

Երբ սենատոր Գրեհեմը Մյունխենում կայացած համաժողովում իր ելույթում սատարեց Թուրքիային, Team Graham-ը 1000 դոլար ստացավ ամերիկյան Greenberg Traurig, LLP լոբբիստական ընկերությունից, որին Թուրքիան է վարձում։

Սենատոր Գրեհեմը 2019 թ․ հունվարի 10-ին հանդիպեց Greenberg Traurig-ի լոբբիստներին՝ Թուրքիա կատարած նրա այցից մեկ շաբաթ առաջ, որտեղ նա հանդիպելու էր Էրդողանին։ Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրեց իր հետ գնալ համերգի, որը Գրեհեմը որակեց որպես «իր կյանքի լավագույն իրադարձություններից մեկը»:

Լինչը եզրափակել է իր զեկույցը`պնդելով․ «Պարզ է, որ ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունների և քաղաքական գործողությունների հանձնաժողովների համախմբված ցանցը, որը կապեր ունի Էրդողանի ընտանիքի հետ, կարծում է, որ Գրեհեմը արժանի է իրենց ժամանակի և քաղաքական նվիրատվությունների ներդրմանը»:

Մենք չգիտենք 2016 թ․ ՀԴԲ-ի հետաքննության արդյունքը TASC-ի և թուրք-ամերիկյան այլ կազմակերպությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, կարծես թե բավարար հիմքեր կան ուսումնասիրելու դրանց կողմից «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»  օրենքի հնարավոր խախտումը, որպես չգրանցված լոբբիստներ օտարերկյա կառավարության համար․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031