Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլեւս անելիք չունի այս երկրում». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 03,2019 22:15

«Անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում, երիտասարդության պահանջը՝ հանդիպել սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է, որ այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլեւս անելիք չունի այս երկրում, եթե երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է կիրառվում: Դատելով այն տեղեկատվությունը, որ ստացել եմ, սադրանքը, որ հրահրվել է ոստիկանների կողմից, մասնավորապես, երբ երիտասարդները պահանջել են հանդիպում ու արձագանք չստանալով՝ որոշել են փորձել նախարարության ներսում հանդիպում ունենալ, ուժ է գործադրվել:

Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ այն պատասխանատու անձինք, որոնք զբաղեցնում են հանրային պաշտոնները եւ նման վերաբերմունք են ցուցաբերում հայ երիտասարդի նկատմամբ», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ երիտասարդներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ոստիկանությունից հայտնում են, որ ուժի գործադրում չի եղել, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար են երիտասարդները բերման ենթարկվել, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Հարց է՝ որն է օրինական պահանջը, որն է օրինական գործողությունը: Իմ կարծիքով՝ երիտասարդների գործողությունը անօրինական չի եղել»:

Հարցին, թե ճանապարհ փակելը անօրինական չէ՞, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, եթե կարելի է այսօրվա իշխանության այն ժամանակվա ու նաեւ ներկայումս իրենց հաճելի զանգվածի կողմից նման գործողությունները օրինական դիտել, ինչու պետք է ընդդիմախոսների նման գործողությունները անօրինական լինեն, սրա պատասխանը պետք է տան»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, արձագանք չստանալուց հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, փակել նախարարության մուտքը: Ոստիկանները, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բերման ենթարկեցին:

Արփիեն ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031