Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սիս համայնքում՝ ճանապարհի, եւ Ռանչպար գյուղում՝ մանկապարտեզի բացման արարողությունների ընթացքում որքան էլ խուսափեց լրատվամիջոցների հետ շփվելուց, այդուհանդերձ, հայտնվեց նրանց շրջափակման մեջ: Լրագրողները տվեցին իրենց հարցերը եւ նա պատասխանեց:
-Դուք պարգեւատրում ստացե՞լ եք:
-Ես պարգեւատրում չեմ ստացել:
-Ձեր բաջանաղին պարգեւատրե՞լ եք:
Կարդացեք նաև
-Ոչ:
-Ձեր բաջանաղը ձեր տեղակա՞լն է:
-Ոչ:
-Բա ինչո՞ւ են նման տեղեկություն տարածում:
-Չգիտեմ: Իրենցից հարցրեք:
-Վարսավիրի հետ կապված պատմության մասով հայրը պնդում է, որ ծեծ եղել է:
-Այժմ քննություն է գնում: Երբ որ կավարտվի, իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը:
-Ձեր պաշտոնավարման ընթացքում քանի՞ ներդրում է եղել:
-Չեմ կարող հիշել:
-Կոկորդիլոսաբուծարանը ի՞նչ եղավ:
_Չեմ պատասխանի այս հարցին:
-Ոգեւորված էիք, ասում էիք՝ մեծ ներդրումներ են լինելու:
-Կլինի՝ կտեսնեք:
-Ձեր եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Աշխատանքային:
-Նա ձեզ $150 հազարանոց գույք նվիրե՞լ է:
-Ոչ: Այլ հարցեր:
-Դուք իր հետ քեֆի մասնակցե՞լ եք:
-Ոչ: Ես արձակուրդում եմ գտնվել, երբ դա մամուլում տարածվել է: Այդ հանդիպման հետ կապված՝ օր, ժամ, որ գրվել է, այդ ժամանակ ես արձակուրդում եմ եղել, եւ եղել է ժամանակ, որ ես նույնիսկ հանրապետությունից եմ բացակայել:
-Ձեր հարազատներին, բարեկամներին շարունակո՞ւմ եք տարբեր տեղեր աշխատանքի տեղավորել:
-Ոչ: Նախկինում էլ չի եղել:
-Ձեր մորաքրոջ հարսին չէ՞ք տեղավորել:
-Իմ մորաքրոջ հարսը շատ վաղուց աշխատել է դպրոցում եւ շարունակում է աշխատել: Նույնիսկ իմ մարզպետ չեղած ժամանակից:
-Բայց ԱԺ-ում խոստովանել էիք, որ ձեր բարեկամներն աշխատում են:
-Ես օգնական ունեմ, ով ինձ ազգակցական է, իմ զարմիկն է: Այլ բարեկամ չունեմ:
-Իսկ դա վարչապետի հայտարարած բաջանաղապետությանը դեմ չէ՞:
-Ես իմ մոտ աշխատող բաջանաղ չունեմ: Ասեմ ավելին, որ ձեզ պարզ լինի: Մարզպետի տեղակալը իմ կուրսընկերն է: Նազարեթյան Արտավազդի մասին է խոսքը: Նա իմ ընկերն է:
-Բայց դա կոռուպցիա չե՞ք համարում:
-Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնվել է, այս մարդը ակտիվ մեզ հետ ամեն հարցում զբաղվել է, ցանկացած հարցում աջակից է եղել:
-Մի արդյունավետ բան կասե՞ք, որ նա արել է, որի համար արժանացել մարզպետի տեղակալի պաշտոնին:
-Տեղակալ նշանակվելը էդպես չի գնահատվում: Նա գաղափարակից, սկզբունքային ընկեր է մեզ համար եւ այդ պատճառով է նշանակվել:
-Դուք գիտե՞ք, որ կոռուպցիայի տեսակներից մեկ էլ հովանավորչությունն է:
-Դուք հիմա վարչապետին ե՞ք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետեւ վարչապետն է նշանակում փոխմարզպետին:
– Նա ձեր տեղակալին նշանակել է ձեր առաջարկությամբ:
-Նաեւ նախարարն է առաջարկում, երաշխավորում: Իսկ եթե վարչապետը գտնում է, որ տվյալ մարդուն կարելի է նշանակել այդ պաշտոնում, նշանակում է: Դուք հիմա ո՞ւմ եք մեղադրում հովանավորչության ու կոռուպցիայի մեջ: Կներեք, այլ հարցերի չեմ պատասխանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ