«Ոստիկանության բաժանմունքում խաղաղ էր, ոստիկաններն իրենց գործն էին անում, բերման ենթարկվածները հանգիստ նստած էին, խոսել եմ բոլորի հետ, կա 19 բերման ենթարկված. ոստիկանական բաժանմունքից որեւէ բողոք չկար, այսինքն՝ գոհ էին ոստիկանական գործողություններից »,- ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատմելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման մանրամասները:
Պատգամավորի խոսքով, բերման ենթարկվածների մեջ կային երիտասարդներ, որոնք բողոքել են, որ իրենց բերման ենթարկելը իրավաչափ չի եղել. «Մասնավորապես, թե ինչպես են իրենց բռնել ոստիկանները, ասում էին՝ կարմիր բերետավորներից մեկի կողմից հայհոյանք է հնչել, եթե կան բողոքների հիմքեր, բերման ենթարկվածները դրա մասին, անպայման, կխոսեն: Ես հարցրել եմ բոլորին՝ որեւէ մեկը վնասվածք չուներ, դա եւս մեկ ապացույց է, որ շատ ուժեղ բերման չեն ենթարկվել»:
Պատգամավորը նաեւ ասաց, որ ոստիկանական բաժանմունքում կազմվում են արձանագրություններ, բերման ենթարկվածներն այսօր ազատ կարձակվեն ավելի շուտ, քան կլրանա երեք ժամը: Անի Սամսոնյանի տեղեկություններով՝ եւս հինգ ցուցարար Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում են, նա ասաց, որ գնում է Էրեբունու բաժանմունք:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ կատարվածը միջադեպ չի համարում, ըստ նրա՝ ուժի կիրառում է եղել, կատարվածը խորը կուսումնասիրվի. «Այն կոչը, որ մենք էինք ժամանակին անում, որ պետք է հանդիպում ու երկխոսություն լինի, նախարարը լսի ուսանողներին, այն մարդկանց, որոնք նույնիսկ իրեն դուր չեն գալիս, եթե չի լսում, բերում է զանգվածային այսպիսի միջոցառումների»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ