Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեց Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը:
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանը վերահաստատեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:
Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ