Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգն այն տարբերակով, որով դրվել է շրջանառության մեջ, վերջնական չէ: Առողջապահության նախարարությունը պատրաստ է քննարկել այլ առաջարկներ: Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասուլիսին ասաց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը:
«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ով նախատեսվում է՝ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիները, բացի եկամտային հարկից, նաեւ առողջության 6% հարկ են վճարելու: Ընդ որում, նախագծով առաջարկվում է՝ աշխատողները վճարելու են չաշխատողների բուժման ծախսերը: Այս դրույթը ամենաշատ քննադատվողն է:
«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադեւոսյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ աշխատող մարդը պետք է հարկ վճարի չաշխատողի բուժման համար:
Ծաղիկ Վարդանյանը պատասխանեց՝ այդ հարկը վերադառնալու է առողջության ձեւով, որից շահելու է հանրությունը:
Կարդացեք նաև
«Ուսումնասիրվել է միջազգային փորձը, գտել ենք, որ լավագույն տարբերակը հարկի հավաքագրումն է, եթե կան այլ ձեւաչափեր, մենք պատրաստ ենք լսել դրանք»,-ասաց Վարդանյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ բժիշկ Հայկ Մանասյանն էլ առողջության ապահովագրության այլ տարբերակ առաջարկեց՝ պետք է սկսել օնկոլոգիայից. «Յուրաքանչյուրը վճարի ասենք՝ 500 դրամ, թոշակառուները՝ ներառյալ, ու թող ոչ ոք չասի՝ ես փող չունեմ: Եթե մեկն ապրում է, ուրեմն միջոց ունի եւ այդ միջոցից 500 դրամ ամսական վճարում է օրինակ՝ գլխացավի դեղ է գնում: Ապահովագրությունը սկսենք յուրաքանչյուրիս 500 դրամ վճարելով: Հետո առողջապահության նախարարությունը մեկ տարում թող կազմակերպի քաղցկեղի բուժման ամբողջ ծածկույթը՝ սկրինինգից մինչեւ քիմիոթերապիա, ճառագայթային բուժում, ամեն ինչով թող փակի ու ցույց տա, որ կարողանում է մեզ համար առողջապահություն կազմակերպել, լավ մենեջեր է: Օնկոլոգիան եմ ասում, որովհետեւ շաքարային դիաբետով մարդը 1-2 տարի ապրելու ժամանակ ունի, իսկ քաղցկեղով մարդը՝ 1-2 ամիս: 2022 թվականին հազարավոր մարդիկ են մահանալու, մինչեւ էս տեմպերով շարժվի նախարարությունը: Օնկոլոգիայից հետո անցնենք մյուս ոլորտին»:
Հայկ Մանասյանի խոսքերով՝ այս հայեցակարգը սոցիալական անարդարություն է, որովհետեւ մեկը ոչինչ չի անում, իսկ մյուսից պահանջում են ամեն ինչ՝ բոլորի համար:
Բժշկի կարծիքով՝ ՀՀ-ում չկա այն որակի առողջապահության ծառայությունները, որի դիմաց հայեցակարգով պահանջում են ապահովագրավճար. «Հարգելի Հայաստանի հանրապետություն, դուք չունեք ուղեցույցներ, սկրինինգային ծրագրեր, պատրաստված բժիշկներ: Հետո, նախարարն ասում է՝ մեզ պետք է 250 մլրդ դրամ՝ համապարփակ ապահովագրության համար: Բայց ազգային ինստիտուտը հրապարակել է ազգային հաշիվները, 2018 թվի ծախսերը 570 մլրդ դրամ է եղել: 300 մլրդ դրամի տարբերություն կա: Ուզո՞ւմ եք էս խելքով ու բազայով ինձանից գնե՞լ՝ ինչ-որ տոկոս պահելով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ծաղիկ Վարանդյանն էլ փորձեց պարզաբանել գումարի տարբերությունը, նշեց՝ ազգային այդ հաշիվների մեջ ներառված է նաեւ արտերկրում բուժման ծախսերը: Այս պատասխանը Մանասյանին չգոհացրեց, ինքը հարցը տվեց, բայց ինքն էլ գիտեր պատասխանը, ասաց՝ հաշվարկելու մեթոդաբանությունն է փոխվել:
Ինչո՞ւ հենց օնկոլոգիայի համար սկսել ապահովագրությունը. Մանասյանի կարծիքով՝ դա կլինի ապահովագրության սկիզբը. «Քաղցկեղը ամենամեծ տագնապ տարածող ախտորոշումն է եւ ամենալուրջ հիվանդությունն է, որը ապահովագրությամբ կարելի է մեծ քանակով ու արագ կրճատել: Իսկ ներկայիս հայեցակարգն ընդամենը բարեմաղթանք է, 2022 թվականին ես ձեզ ցույց կտամ դա: Իմ առաջարկած տարբերակով՝ հունվարի 1-ից սկսում են վճարել, հունվարի 30- ին արդյունք ենք ունենալու: Ես պրակտիկ բժիշկ եմ, ես բազմաթիվ անգամ տեսել եմ մի փոքր ուշացումն ինչի է հանգեցնում»:
Այս հայեցակարգը Մանասյանի համար կասկածելի է. «Եթե տղան գալիս է, ոսկե սարեր է խոստանում եւ մի հատ «սթից» ոսկե մատանի չի տալիս էդ պահին, ես հասկանում եմ, որ այդ տղայի մտքերը պղտոր են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Փայլակ Թադեւոսյանի խոսքերով էլ՝ կառավարությունը պարբերաբար խոսում է հարկային բեռի թեթեւացման մասին, բայց այս նախագծով նոր բեռ է ավելանալու:
«Ես իմ երեխայի վրա մի ծախս ավել չպիտի անեմ՝ սոցիալական համերաշխությունից ելնելով: Ես պետք է հարեւանի բարեկամուհու չաշխատող, կամ աշխատել չուզեցողի համար իմ երեխայից կտրեմ, տամ՝ սոցիալական համերաշխության ներքո»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա հայեցակարգի ներդրումից հետո, եթե էլեկտրոնային առողջապահության ընդամենը մոտ 2% է ներդրված. Այս հարցին ի պատասխան Ծաղիկ Վարդանյանը ներկայացրեց խնդիրները, ապա վստահեցրեց՝ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հայեցակարգի ներդրումից հետո էլեկտրոնային առողջապահությունն ամբողջությամբ աշխատի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ