Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակումներ․ բոլոր հանցագործները վաղ թե ուշ հայտնաբերվում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2019 20:20

Ավազակային հարձակում։ Սա սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն է։ Հանցատեսակի դրսևորումները տարբեր են: Առավել հաճախ թիրախ են դառնում բանկեր, վարկային կազմակերպություններ, խանութներ, դեղատներ։

Հանցավոր հակումներ ունեցող անձինք քաջատեղյակ լինելով, որ բոլոր այս հաստատություններում կան տեսախցիկներ ու անվտանգության համակարգեր, միևնույն է` գնում են արկածախնդրության։

Այդպես էր եղել, օրինակ, հոկտեմբերի 27-ի կեսգիշերին։ Ազատության պողոտայի դեղատներից մեկն էր մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։ Դեղատան տեսախցիկը ֆիքսել էր կատարվածը։ Ավազակություն կատարողին թվում էր, թե տեսախցիկից թաքնվելով՝ կխուսափի քրեական պատասխանատվությունից, սակայն միայն թվում էր։ Կասկածյալին ոստիկանները օրեր անց հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանություն։

Վերջերս մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ինչ-որ մեկը մետրոյի կայարանի հարակից ավտոկայանատեղիում մի տղամարդու էր հարվածել, հափշտակել գումար, բջջային հեռախոս և փախել։

Թեև մոտակայքում չեն եղել տեսահսկող սարքեր, բայց եղել են ոստիկաններ։ Ոստիկանության ծառայողներն անմիջապես հետապնդել և բռնել են կասկածյալին:

Գրեթե բոլոր հաստատություններում կան տեսախցիկներ, որոնք ֆիքսում են ամեն շարժ։ Սա, իհարկե, որոշ չափով օգնում է իրավապահներին՝ բացահայտելու հանցագործությունը, եթե անգամ տեսագրությունում չի երևում հանցագործությունը կատարողի դեմքը։

Բացի այդ, ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանության շուրջօրյա ծառայություն։ Մեկ անգամ չէ, որ գիշերային շրջայցի ժամանակ պարեկայինները ավազակություն կատարողին բռնել են հանցագործության վայրը լքելիս։ Օբյեկտների պահպանություն է իրականացնում նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Ցանկացած ոտնձգության դեպքում ստորաբաժանման արագ արձագանքման խմբերը հաշված րոպեների ընթացքում լինում են տեղում։

Բացահայտումներ լինում են նաև այլ՝ միայն քրեական հետախույզներին հայտնի միջոցների կիրառմամբ, ինչի մասին, բնականաբար, կլռենք։

Ի դեպ, խոսելով ավազակության մասին՝ հարկ է նաև նշել, որ քրեական օրենսգրքի համանուն հոդվածը նախատեսում է պատիժ մինչև 15 տարի ազատազրկում։

Երկար կարելի է թվել ոստիկանության գործողությունները այս հանցատեսակի բացահայտման ուղղությամբ։ Ընդհանրապես, բոլոր հանցատեսակների պարագայում էլ ոստիկանության գերխնդիրը դրանց կանխումն է, ինչին հասնելու ուղիղ ճանապարհը քարոզչությունն է, բացատրական աշխատանքը:

Իսկ բոլոր նրանց, ովքեր ընտրել են անօրինական ճանապարհներ, հիշեցնենք, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, և բոլոր հանցագործները վաղ թե ուշ հայտնաբերվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031