10 միլիոն դրամ վճարելու եւ Հայոց բանակում արագացված ընթացակարգով մեկ ամիս ծառայելու գաղափարը պատգամավոր Հայկ Սարգսյանի գլխում ծնվել է, ինչպես ինքն այսօր Ռանչպար գյուղում ասաց լրագրողներին, մի շարք հայրենակիցների հետ զրույցների ընթացքում, որոնք կապվել են իր հետ եւ տեղեկացրել, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց ինչ-ինչ հանգամանքներով չեն կարող անցնել 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն:
Պատգամավորը վստահեցրեց, որ նախագիծը կազմելիս ինքը նաեւ ուսումնասիրել է «բազմաթիվ երկրների փորձը», սակայն լրագրողների առաջարկին՝ մի քանի այդպիսի երկրների անուն տալ, դժվարացավ: Իսկ երբ լրագրողները հիշեցրին, որ պաշտպանության նախարարությունը եւ փորձագետները հակադարձում են՝ ասելով, որ բանակում զինվորական գործը հնարավոր չէ մեկ ամսում սովորել, իմքայլական պատգամավորը պատասխանեց. «Ուրեմն, մեր պաշտպանության նախարարությունը պետք է հետեւողական լինի եւ ուսումնասիրի օտարերկրյա փորձը: Ես նոր հեծանիվ չեմ հայտնագործել: Նման փորձ կա արտասահմանում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ