«Իրանական կողմից 2005 թվականից ի վեր բարձրացվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի խնդիրը, չնայած այն հանգամանքին, որ կոմբինատի 3 պոչամբարներից 2-ում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, իսկ թիվ 1 պոչամբարում վերը նշված համակարգի տեղադրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ինչի շահագործումից հետո հնարավոր կլինի հնարավորինս նվազեցնել Արաքս գետի աղտոտվածությունը»,- նշեցին Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ի պատասխան Aravot.am-ի հարցին: Նախարարությունից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են մեկնաբանում իրանական կողմի մտահոգությունները, որ Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը: Հիշեցնենք, որ այսպիսի բովանդակությամբ հոդված էր հրապարակել իրանական անգլալեզու The Tehran Times պարբերականը:
Լրատվամիջոցը հղում անելով իրանցի բնապահպանների, գյուղոլորտի փորձագետների կարծիքներին, տարբեր գիտահետազոտական կազմակերպությունների՝ որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը եւ Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը, պնդում է, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի: Ըստ նույն աղբյուրի, իրանական կողմի հետազոտությունները ցույց են տվել, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի, պղնձի եւ մկնդեղի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը. «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցվում են գետը Հայաստանի տարածքից:
Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետեւաբար դրանք հայտնվում են բույսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում»:
Ի պատասխան մեր հարցին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից նաեւ հայտնեցին, որ 2005 թվականին ստեղծվել եւ առ այսօր գործում է հայ եւ իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խումբ, որի գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանն ու պահպանմանը:
«Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում եւ ԻԻՀ-ում 4-ական նմուշառման կետեր), Մեղրի գետ եւ Կարճեւան գետերի մեկական նմուշառման կետերում:
Կարդացեք նաև
Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ ԻԻՀ-ի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ ե՜ւ հայկական, ե՜ւ իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միեւնույն օրը)»:
Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ՝ հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի հատկապես՝ մետաղական հանքերի մասով, որոնց պոչամբարներն այսօր բնապահպանական լուրջ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին:
«Մենք ծանր մետաղներով խիստ աղտոտում ենք շրջակա միջավայրը՝ այդ թվում ջրային ռեսուրսները: Դեռեւս խորհրդային տարիներից սկսած մետաղական հանքերը այնպես ենք օգտագործում, որ դրանք հսկայական վնասներ են հասցնում շրջապատին, մարդկանց առողջությանը»:
Կարինե Դանիելյանը գտնում է, որ այս հարցով Իրանի հետ միասին պետք է հանձնաժողով ստեղծեն եւ մեր մասնագետների հետ միասին հասկանան՝ ինչ կարելի է անել. «Խնդիրը կա եւ բազմակողմանի է, նախեւառաջ՝ պետք է տեսնել աղտոտման հիմնական աղբյուրները, այսինքն՝ արտահոսքը որտեղից է եւ այդտեղ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, հետո՝ ռազմավարական խնդիրները լուծել»:
Շրջակա միջավայրի նախարարությունից այս առնչությամբ նշեցին, որ այս տարվա նոյեմբերի 19-22 ԻԻՀ Թավրիզ քաղաքում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը: Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ՝ «2018 թվականին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստում արձանագրություն է կազմվել: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի N 1 պոչամբարի վերակառուցման նախագծի ժամանակացույցը հայկական կողմը դիվանագիտական խողովակներով սահմանված ժամկետում 2018թ. հունիսի ներկայացրել է իրանական կողմին, համաձայն այդ գրության N 1 պոչամբարի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2021 թվականի 2-րդ կիսամյակում»:
Ըստ նախարարության, այդ աշխատանքների կատարման վերաբերյալ պարտավորությունը ամրագրված է նաեւ Բնապահպանության նախարարության կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին 2018թ.-ի օգոստոսի 10-ին տրված ջրօգտագործման թույլտվության, «Անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններ»-ի 4-րդ կետում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ