«Հայտարարությունս վերաբերում է նախկին մի շարք պաշտոնյաների փախուստին՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Միհրան Պողոսյան, իսկ վերջերս՝ նաեւ Գեւորգ Կոստանյան: Դժվար է ասել, թե այս ցանկը դեռ որքան կհամալրվի, բայց մեկ բան հստակ է՝ այս նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնվել կարեւոր կառույցներ: Խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է հասցեագրված»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Խուսափելով ներկայանալուց եւ նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց, այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն իրենք են փչացրել իրենց գլխավորած կառույցները, այլեւ՝ նրանք ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն աշխատած շատ պրոֆեսիոնալների անցած ճանապարհը»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն՝ օր առաջ հիշատակված պաշտոնյաներին տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե նրանք չունեն ինքնուրույն վերադառնալու գիտակցում. «Մարտի մեկի բացահայտումը ոչ միայն կվերականգնի արդարությունը, այլեւ վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը»:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հիշատակված անձինք իրենց կարող են անվտանգ զգալ միայն իրենց երկրում՝ քաղաքական անաչառության պայմաններում, ոչ թե օտար երկրում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ