ԿԳՄՍ նախարարության առջեւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը չի արձագանքել նրանց հետ հանդիպելու պահանջին: Ոստիկանությունը սկզբում կոչ արեց երիտասարդներին հեռանալ նախարարության մոտից, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ իրենք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոցներ կիրառելով հեռացնել տեղից, հորդորեցին այլ վայրում իրականացնել բողոքի գործողությունները:
«Մենք ամրագրում ենք, որ ռադիոտուն չենք մտել, դուռ չենք ջարդել, դատարաններ չենք շրջափակել, դատավորների մուտքը չենք խոչընդոտել դատարաններ մտնելիս, մենք քաղաքացիական անհնազանդության օրինական ակցիա ենք իրականացնում, իրականացնում ենք մեր սահմանադրական իրավունքը, արտահայտում ենք մեր բողոքը Հայաստանում իրականացվող կրթական քաղաքականության վերաբերյալ»,-ասաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Կարդացեք նաև
Ոստիկանները ուժ կիրառելով հեռացնում են երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտից, երիտասարդները չեն ընկրկում: Նրանք վանկարկում են` ամոթ: Նրանք չեն ուզում բախվել ոստիկանության հետ, բայց չեն էլ ուզում հեռանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ