ԱԺ-ն այսօր քննարկում է «Իմ քայլի» պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ կից օրենքի նախագծի» փաթեթը, որով վերականգնվում է Աշխատանքի պետական տեսչության՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթը՝ այն ծավալով, որն առկա էր մինչեւ 2013թ.-ը:
Հարցի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարեց՝ 2013թ.-ին Աշխատանքի տեսչության փակումից հետո աշխատողների իրավունքների պաշտպանությամբ որեւէ կառույց չի զբաղվել, իսկ այս կարգավորմամբ արդեն անվանափոխված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կկարգավորի աշխատողների պայմանագրերի եւ այլ խնդիրների հետ կապված հարցերը:
«Աշխատողներին հորդորում եմ աշխատանքի ընդունվելիս պարտադիր կարդալ պայմանագրերի բոլոր կետերը, որպեսզի տեսչական մարմնին դիմելիս կարողանան պայքարել իրենց իրավունքների համար»,-քաղաքացիներին կոչ հղեց Արփի Դավոյանը:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը օրինագծի առնչությամբ նշեց՝ Աշխատանքի պետական տեսչությունը ժամանակին լուծարվել է, որովհետեւ չի կարողացել իրականացնել իր լիազորությունները, եւ որովհետեւ աշխատանքային իրավահարաբերությունները պետական գործիքակազմով չեն պաշտպանում. «Սա հեքիաթ է: Միջազգային տնտեսագիտական փորձը նայեք, նման խնդիրներն արհմիությունների միջոցով են կարգավորում: Ողջ աշխարհում աշխատողի շահերն արհմիությունն է պաշտպանում, գյուտ մի արեք»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ հակադարձեց Բագրատյանին. «2013թ.-ից ժառանգել ենք օրենսդրական բացեր: Սերժ Սարգսյանը եւ նախորդ ռեժիմը հաջողացրել են ՀՀ-ում մասնավոր հատվածքում աշխատողին դարձնել ստրուկի կարգավիճակում աշխատող անձ, որի իրավունքները պաշտպանված չեն եղել: Եթե պետական աշխատողը կարող է դիմել ՄԻՊ-ին, մասնավոր աշխատողը չի կարող: Չկա պետական կառույց, որը կզբաղվեր մասնավոր աշխատողի խնդրով: Շենգավիթ համայնքում դեռեւս քարոզարշավի ժամանակ հանդիպել եմ հազարավոր քաղաքացիների, որոնք ստրուկի կարգավիճակում աշխատում էին գործարաններում: Նրանց աշխատեցնում են տասը ժամից ավելի: Մենք կառավարության ծրագրում հռչակել ենք, որ շատ կարեւոր է աշխատանքի տեսչության վերականգնումը: Այսուհետեւ մասնավոր հատվածներում աշխատողների իրավունքները պաշտպանված են լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ