ՀՅԴ երիտասարդական միության անդամները հանդիպում են պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, նրանք կրկին ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ են:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանն ասել է, թե վաղուց անցել է կուլիսային քննարկումների ժամանակը: Նա հիշեցրեց, թե ինչ է եղել նախկինում եւ ինչու է ծագել այս հանդիպման պահանջը, եւ ինչու դադարեցրին 3 շաբաթյա նստացույցը:
«Թվում էր, թե նախարարության բառամթերքը փոխվեց, տոնը իջավ, թվում էր` պետք է ամեն ինչ քննարկել, պետք չի վերեւից խոսել քաղաքացիների ու երիտասարդների հետ, ինչի արդյունքում նախարարը եւ նախարարամերձ շրջապատը հայտարարեցին, որ պատրաստ են օրերով, ժամերով նստել քննարկել բոլոր խնդիրները, նոր հետո գնալ որոշումների»,-ընդգծեց դաշնակցական երիտասարդը, բայց նաեւ հավելեց, որ մինչ օրս իրենց հանդիպման կոչին, պահանջին արձագանք չի եղել եւ իր խոսքերով, ընդամենը լղոզված պատասխան են ստացել:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց իրենց պահանջները`
1․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում։
2․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում: Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 %-ը:
3․ Ապահովելով Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։ Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձեւավորել քննական մտածողություն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։
4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։
5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը։ Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության եւ կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը: Նախագծում պետք է որոշակի լինի նաեւ գիտության զարգացման գործում ԳԱԱ-ի դերը:
6. Այս փոփոխությունների կարեւորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից: Ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
« Նախարարի հրաժարականի պահանջը դեռեւս օրակարգում է, քանի որ մտածում ենք, որ իր վարած քաղաքականությունն իր մտածումների արդյունքն է, այսինքն` այդ քաղաքականությունը կարող ենք հեռացնել հենց նախարարին հեռացնելով»,-շեշտեց Արգիշտի Գեւորգյանը:
Մի պահ քաշքշուկ սկսվեց ԿԳՄՍ նախարարության դռների մոտ, որը արագ հարթվեց: Դաշնակցական երիտասարդները հայտարարեցին, որ ոստիկանների հետ որեւէ խնդիր չունեն, խնդիրը նախարարն է:
ՀՅԴ երիտասարդները վանկարկում են «Արայիկ, հեռացիր»:«Հենց ոստիկանները հրեցին, զոռով մտնելու ենք ներս»,-ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը:
Դաշնակցական երիտասարդները արտասանեցին Թումանյանի այն քառյակը, որը հանրային միջոցառման ժամանակ նախարարը կարդացել էր թղթից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ