Լրահոս
Օրվա լրահոսը

Աբու Դաբիի թագաժառանգի նախաձեռնությունը Երեւանում անվճար հիվանդանոց ու հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ օդի մեջ խոսակցություն է. Հակոբ Կարապետյան

Դեկտեմբեր 03,2019 16:22

Երեւանում անվճար հիվանդանոց ու երկու հյուրանոց կառուցելու թույլտվությունը Աբու Դաբիի թագաժառանգին չտալու մասին Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը համարում է տեղեկացվածության պակասի արդյունք:

«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը տեղեկացվածության հետ կապված խնդիր ունի, մասնավորապես՝ այս պարագայում եւ ոչ միայն այս պարագայում: Էլի առիթներ եղել են այս տպավորությունը ձեւավորելու համար: Հանդիպումը եղել է ամիսներ առաջ, պարոն Ծառուկյանի առաջարկով քաղաքապետն ընդունել է այդ անձանց, ներկայացրել քաղաքի զարգացման առաջնահերթությունները, քաղաքում բիզնես անելու պայմանները, իսկ այդ պայմանները բխում են բացառապես ՀՀ օրենսդրությունից, եւ քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել պոտենցիալ ներդրողներին իր լիազորությունների շրջանակում: Համենայնդեպս, հանդիպումից հետո որեւէ փաստաթղթավորված առաջարկ կամ նախագիծ քաղաքապետարանը չի ստացել: Մենք կարծում ենք՝ ինչ որ հյուրերի կամ պոտենցիալ ներդրողների ծագումը, տիտղոսները կամ գրպանի միլիարդները հիշատակելը ամենեւին տեղին չէ, որովհետեւ այդ հանգամանքները որեւէ կերպ չեն ազդում քաղաքապետի այս կամ այն որոշման վրա՝ անկախ նրանից՝ մարդն ունի շեյխի, սուլթանի, հերցոգի կամ այլ տիտղոս, քաղաքապետարանը նույն կերպով է վերաբերում բոլոր պոտենցիալ ներդրողներին, նույն պատշաճ հարգանքով ու պատրաստակամությամբ:
Էմոցիոնալ զեղումները նույնպես տեղին չեն, որովհետեւ ինչ-որն հիասթափվածության կամ հիացածության մասին քաղաքապետարանը չի մտածում, այլ՝ քաղաքի զարգացման մասին: Եթե կան ներդրողներ, որոնք պատրաստ են մասնակցել այդ զարգացմանը, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել»,- Aravot.am-ին ասաց Հակոբ Կարապետյանը:

Մեր հարցին, թե քաղաքապետին հայտնի՞ է, թե ինչու հանդիպումից հետո նախագծի զարգացում չեղավ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ տեղյակ չէ:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ պայմաններ են քննարկվել թագաժառանգի հետ, պարոն Կարապետյանն ասաց. «Այդպիսի հանդիպումների ժամանակ ընդհանուր մտադրություններ ու պատկերացումներ են քննարկվում. քաղաքապետարանի պայմանները նույնն են, իսկ ներդրողի պայմանների մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ ներդրումային փաթեթ կա, մենք ներդրումային փաթեթ չենք ստացել, այսինքն՝ դա եղել է օդի մեջ խոսակցություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031