Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել մեկնել Վրաստան՝ հոր, մոր եւ եղբոր գերեզմանին այցելելու համար

Դեկտեմբեր 03,2019 16:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ իր պաշտպանյալի սահմանահատումների արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Ըստ պաշտպանի, սահմանահատումների արգելանքի մասին առկա փաստաթուղթ չկա. «Սահմահատումների արգելքի վերաբերյալ հիմք չեն տրամադրում, որովհետեւ այդպիսի հիմք օբյեկտիվորեն գոյություն ունենալ չի կարող։ Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն՝ անօրինական կարգով արգելք են սահմանել Խաչատուրովի սահմանահատումների վերաբերյալ»։

Պաշտոնական դիրքի չարաշահման իր պնդումը պաշտպանն այսպես է հիմնավորում. օգոստոսի 9-ին դիմել է ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանության պետին՝ պարզաբանման համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտից իրեն պատասխանել են, որ սահմանահատման վրա արգելանք դրվել է քննչական ծառայության նախաձեռնությամբ՝ հունիսի 6-ին: Դա նույն օրն է, երբ դատարանը գրությամբ հայտնել էր, որ արգելքը ենթակա է վերացման: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի գրության համաձայն էլ՝ Խաչատուրովի տեղաշարժը վերահսկվել է, քանի որ նա հանդիսանում է ամբաստանյալ:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ միջնորդությունը չպետք է քննարկվի: «Վարույթի շրջանակում, դատաքննության ընթացքում մեզ տեղեկություններ չեն հասել, որ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կիրառվել է արգելք։ Այս միջնորդությունը անհիմն է»,- ասաց նա՝ հավելելով. «Պետք է փաստել, որ ներկայացված նյութերից եւ պաշտպանի կողմից ստացված պարզաբանումներից ինձ համար հասկանալի եղավ, որ որպես ամբաստանյալ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կիրառված արգելանք չկա, եւ ոստիկանության պարզաբանումից հասկանալի էր, որ ամբաստանյալը, լինելով գործով մասնակցող անձ, ունի պարտավորություն՝ այլ տեղանք չմեկնելու՝ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»։

Գործով մյուս դատախազ Գեւորգ Բաղդասարյանը կիսում է գործընկերոջ կարծիքը:

Յուրի Խաչատուրովն էլ ասաց, որ դատախազներն իրականությունը չեն ասում, քանի, որ սահմանապահ փոխգնդապետն իրեն է ասել՝ դուք գտնվում եք սահմանը հատելու արգելք ունեցող անձանց ցուցակում. «Ես երկուսուկես ժամ սպասել եմ, իրենք ասում էին՝ հիմա կպարզենք, կզանգահարենք Երեւան… Ես ուզում էին գնալ հորս գերեզմանին եւ վերադառնալ, ընդամենը 3-4 ժամվա հեռավորության վրա է այդ սահմանից: Հետո իրենք եկան եւ ասացին՝ մեզ կներեք… ինձ ոստիկանն անկեղծորեն ասաց, որ դա ԱԱԾ-ն է: Մենք ձեզ շատ ենք հարգում, բայց թողնել չենք կարող: Վերջ: Ասել, որ ես չեմ եղել այդ կարմիր ցուցակում, դա սուտ է: Իսկ Վրաստան ես ցանկանում էի մեկնել, որովհետեւ այնտեղ են հորս, մորս եւ փոքր եղբորս շիրիմները»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունը․ «Օրենքով սահմանված է, որ մեղադրյալը չպետք է մեկնի այլ տեղանք առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Սահմանահատումների վերաբերյալ արգելք կիրառված չէ։ Միջնորդության պահանջն առարկայազուրկ է»:

Դատավորը նաեւ ասաց, որ ոստիկանության կամ ԱԱԾ ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու դեպքում պաշտպանական կողմը կարող է դիմել իրավասու մարմիններին:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ճշտեց՝ ճիշտ են հասկացել, եթե առկա լինի դատարանի թույլտվություն կարող են Հայաստանի սահմանը հատել: Դատավորը հաստատեց: Իսկ հունիսի 6-ին, ԱԱԾ դեպարտամենտներից մեկի պետի կողմից ստորագրված գրության մասին էլ, որով հաստատվում է, որ Յուրի Խաչատուրովի մասով սահմանահատման արգելք առկա է, դատավորը պաշտպանին հորդորեց՝ ՀՔԾ-ի հասցեն գիտեք, հաղորդում ներկայացնելու կարգը՝ նույնպես:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031