Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ձերբակալել են դաշնակցական պաշտոնյայի

Դեկտեմբեր 03,2019 15:58

Երեկ ձերբակալել են «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Գևորգ Ալեքյանին, որը տնօրեն Հովսեփ Սիմոնյանի (խոսքը Շիրակի դաշնակցական նախկին մարզպետի մասին է) վերջերս տված հրաժարականից հետո նշանակվել էր ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր մոտ 4-4,5 տարի՝ դեռ Հովսեփ Սիմոնյանի տնօրեն նշանակվելուց առաջ։

Նշենք, որ Գևորգ Ալեքյանը դաշնակցական է․ նա եղել է ՀՅԴ-ի Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ, նաև Շիրակի մարզային կոմիտեի անդամ՝ որոշ ժամանակ գլխավորելով կուսակցական տեղի կառույցը, դաշնակցական իր ընկերների հետ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Նա երեք անչափահաս երեխաներ ունի։

Մեր տեղեկություններով, նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թույլտվությամբ խուզարկություն է անցկացվել նրա տանը։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով։ Նա մասնավորապես մեղադրվում է 2017-2019 թվականների ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձի կազմակերպման համար թույլտվություն տալու համար 4 անձանցից առանձնապես խոշոր չափերով գումար ՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ և գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր պահանջելու և ստանալու մեջ, ինչպես նաև 165 հազար դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարման մեջ։

«Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:

Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանավորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին»,-նշված է հաղորդագրությունում:

Ի դեպ, այս պահին թեժ պայքար է ընթանում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031