Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաշխատողը` Դալմայի այգիների մասին. «Թող այս ամենը մատաղ լինի»

Դեկտեմբեր 03,2019 15:50

Դալմայի այգիներում պատմական հնձանները վտանգվածության թեմայով «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկումը բավականին թեժ էր: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասաց, որ այժմ կոռեկտ չէ մեկ հնձանի հարցը բարձրացնելը, որովհետեւ համատեքստից կտրված մեկ շինությունն առոչինչ է:
«Իրականում խոսքը վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի: Դալմայի այգիները Ուրարտական Վանի թագավորության շրջանի քաղաքի վառ արտահայտված գինու պահեստավորման եւ արտադրման այգիներն են, որոնք հիմնադրվել են այդ ժամանակ… Դալմայի այգիների մեծությունը ձգվել է Ոստիկանության ակադեմիայից մինչեւ «Դալմա մոլի» տարածք: Այնտեղ պահեստներում պահվել է մոտ 1 միլիոն լիտր գինի… Քանդման պատմությունը սկսվել է խորհրդային տարիներից, կամաց-կամաց այդ այգին սկսել է ավերվել, չնայած խորհրդային իշխանությունները հասկացել էին, որ այգին չի կարելի սեփականաշնորհել: Ի դեպ, 2004 թ այգին չի մտել Երեւանի հուշարձանների ցուցակի մեջ»,-ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողը:
Նրա ձեւակերպմամբ, եթե հարցին տեսականորեն ես նայում, իսկապես ոչ քաղաքային իշխանությունները, ոչ նախարարությունը որեւէ մեղք չունեն, որովհետեւ այգին չկա հուշարձանների ցուցակում: Գասպարյանի խոսքերով, ոչ միայն գինու հնձաններն են արժեք, այլեւ ամբողջ խաղողագործական լանդշաֆտը:

Բորիս Գասպարյանը փաստեց, որ Դալմայի այգին միակը չէ, որ դուրս է մնացել հուշարձանների ցանկից. «Դուրս են մնացել Կոնդը, Երեւանի շատ կարեւոր այլ օբյեկտներ եւս… Ստացվում է, որ մեր անկախ պետականության կայացման տարիներին հուշարձան պահպանել այդպես էլ չսովորեցինք: Սա մեր հասարակության վերաբերմունքն է մեր պատմամշակութային անցյալին»:

Գիտաշխատողը մեջբերեց իր գործընկերներից մեկի խոսքը. «Դալմայի այգիները դիմացան սելջուկների, թաթարների, մոնղոլների այլ արշավանքներին ու ավերներին, սակայն անկախ Հայաստանն այդ այգիները պահպանել չկարողացավ»:

Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանն անդրադառնալով հնձանի քանդմանը` նշեց, որ հուլիս-օգոստոսից սկսած պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել տարածքի վրա: Նա փաստեց, որ մեդիա այցելությունից ու լրատվամիջոցների անդրադարձից անմիջապես հետո այգին քանդվեց:

2018-ին Դալմայի այգիներից 27 հա հողատարածք վարձակալած եւ կառուցապատում իրականացնող Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ է հատկացվել հողատարածքը, քաղաքապետարանի կողմից էլ շինթույլտվություն է տրվել: «Ընկերությունը շատ մեծ ցավով է տեղեկացել, որ սա պատմամշակութային արժեք է»,-ասաց Մարտիրոսյանը: Հավելեց, որ իմանային, որ դա հուշարձան է, անպայման դա կօգտագործեր զբոսաշրջիկներին ներգրավելու համար: Ընդգծեց նաեւ, որ որեւէ կապ չէին կարող ունենալ քանդման աշխատանքները լրագրողների այցի հետ:

Բորիս Գասպարյանի խոսքով՝ Հայաստանը հուշարձաններով հագեցած երկիր է, եւ ցանկացած հողային աշխատանքի եւ շինարարության դեպքում կարելի է «բախվել» հուշարձանների:

«Երկիրը պետք է զարգանա, պետք է ունենա ճանապարհներ, գործարաններ, բայց դա չի կարելի դա անել հուշարձանների հաշվին: Ես համոզված եմ , որ քաղաքի գլխավոր ճարտարապետը շատ լավ գիտի Դալմայի այգիները, ինչպե՞ս կարող էր որոշում կայացնել` առանց հաշվի առնելու մշակույթի նախարարության կարծիքը: Հայաստանում շատ հաճախ է շրջանցվում նախարարության կարծիքը, նույնն էլ Արտաշատի խճուղու մոտ եղած «Սպայկայի» ջերմոցների պարագայում է»,-շեշտեց գիտաշխատողը: «Հիմա նստել եւ ոչնչացվածի համար դարդ անել պետք չէ, թող այս ամենը մատաղ լինի, որ ուժեղանան նախարարության լծակները, որպեսզի հողեր հանձնելուց, շինարարական ծրագրեր անելուց առաջ այդ մշակույթը ներդրվի: Ես ողջունում եմ շինարարի աշխատանքը, բայց եթե նժարի վրա դնեն Դիսնեյլենդ հաճույքի տարածքն ու Դալմայի այգին, ո՞րն ավելի ծանր կլինի…Ստացվում է, որ 2004-ին եղել են մարդիկ, որ գտել են` Ռուսայի, Արգիշտիի ստեղծածը կարելի է ցուցակից հանել, վաճառել ու դրա հաշվին հարստանալ»,-ասաց Բորիս Գասպարյանը:

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Հենրի Սարգսյանը խոսելով Գարեգին Նուշիկյանին պատկանող ընկերությանը 27 հա հողատարածքի հատկացման մասին, նույնպես ասաց, որ դա կառավարության որոշմամբ է եղել, եւ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ ինչպես տվյալ պարագայում գործ ունենք տեղեկատվության բացակայության եւ հակասականության հետ, նույն պատկերը ստացվել է իրենց դեպքում, երբ 4 ամիս շարունակ փորձել են ճշտել, թե ի վերջո այդ հողերը Հայանտառի՞ ենթակայության տակ են, թե՞ քաղաքապետարանի. «Մենք ունեցանք հակասական տեղեկատվության տրամադրում պետական մարմինների կողմից` նույն հարցի վերաբերյալ, նաեւ ժամկետանց պատասխաններ»: Նրա խոսքով տեղեկատվության բացակայության պատճառով են առաջանում նման տհաճ անակնկալները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` «Մեդիա» կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031