«Դատավոր Դանիբեկյանի հետ կապված սկզբում հույս էի հայտնում ու ակնկալում, որ նա չի տրվի ճնշումներին, չի վախենա Դավիթ Գրիգորյանի օրինակից եւ իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն, բայց տեսանք, որ այդպես չեղավ, նա հետեւում է իշխանության սպառնալիքներին, եւ անում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Վերաքննիչի մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն խիզախություն, պրոֆեսիոնալիզմ՝ գործելու օրենքի սահմաններում, ոչ թե անելու այն, ինչ իրենից ակնկալում են իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով»,- այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ պաշտպանական կողմի բողոքներից երկուսը մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների. ինչ ակնկալիքներ ունի ինքն այդ դատարանից:
Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ քննադատություններին, որ պաշտպանական կողմը ձգձգում է գործի քննությունը: Նրա համար այդ մեղադրանքները առնվազն տարօրինակ են. «Մենք ձգձգելու միտում չունենք: Որ լսում ենք, ասում են՝ այ, կտեսնեք, թե հեսա ինչ բաներ են բացահայտվելու, բայց ամբողջ նյութերը կան, դուք տեսաք՝ շատ ցուցմունքներ էլ հրապարակվեցին, այսինքն՝ ուզում են պատրանք ստեղծել: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել, որ ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, այն, ինչ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասումը ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, կհիշե՞ք՝ քանի ամսով գործի քննությունը ձգձգվեց հունիսի 25-ից հետո, երբ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ-բան արվեց, հետո չէին ուզում գործը մակագրել, այսինքն՝ մեր պատճառով չէր: Հետո, Աննա Դանիբեկյանը շաբաթական մեկ նիստ է նշանակում, ինչո՞ւ չեն ուզում բողոքել, որ իրենց նոր Հայաստանի դատավորը այդպես է անում, թող ամեն օր նիստ նշանակվի: Վիրահատության պատճառով հայրս մի քանի օր չկարողացավ գալ, բժիշկ էին դարձել, դիագնոզներ էին դնում»:
Նա հավելեց, որ փաստաբաններն արդեն տվել են այդ հարցի պատասխանը՝ եթե այս փուլում չներկայացնեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարողանալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ