Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը. Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 03,2019 15:12

Մտահոգություններ՝ Բրատիսլավային ընդառաջ

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ:

Դեռ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կրկին խաղարկեց Փաշինյանի “Արցախը Հայաստան է” արտահայտությունը և Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ:

Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. “поэтапный подход”, “субстантивные переговоры”, “возвращение беженцев и переселенцев”, “урегулирование должно привести к процветанию” և Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ և մանտրաներ:

Ուշագրավ են նաև արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարով ակնարկեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին:

Սակայն մամլո ասուլիսը մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների և Արցախի “ադրբեջանական համայնքի” միջև, ինչին ի պատասխան ռուսական կողմը ընդհանրական բնութագիր տվեց, որ “համայնքների միջև շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը”:

Աչքիցս չվրիպեց նաեւ Մամեդյարովի ակնարկը հնարավոր խաղաղապահ կոնտինգենտի մասին…

Ասուլիսին ազդարարվեց նաև, որ վաղը Բրատիսլավայի հանդիպումից հետո չի բացառվում հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) համատեղ հայտարարության ընդունում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նմանատիպ հայտարարությունը Միլանում հայկական դիվանագիտության համար բավականին անհաջող էր, քանզի պարզ չէր, թե որն է Արցախի հարցի “արդար” կարգավորման հիմքերը: Տարակուսելի էր ոչ միայն հայկական կողմի ստորագրությունը, այլև հրճվանքը այդ փաստաթղթով:

Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, և առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձևակերպումներ, մտքեր և մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հարցում:

Ամփոփելով, շեշտեմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախյան բանակցություններում շատ են սկսել խոսել փախստականների վերադարձի, շրջանների հետհանձնման, միջմարդկային շփումների և փոխայցելությունների կարևորության մասին:

Ուզում եմ կրկին ու հստակ ընդգծել. առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման իրավական ամուր երաշխավորված հիմքերի որևէ շրջանակային համաձայնություն կործանարար կլինի Հայաստանի և Արցախի համար, և ձեռք բերվել չի կարող: Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի խելքն այդքան հասնում է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031