Ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։ Սա բուռն քննադատությունների տեղիք էր տվել:
Այսօր ԱԺ-ում ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հարցին, թե դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ քայլին՝ պատասխանեց. «Խստորեն դատապարտում եմ վանդալիզմի ցանկացած երեւույթ ու հակաքայլի որեւէ տրամաբանություն այստեղ չեմ տեսնում: Գտնում եմ, որ պետք չէ վանդալիզմին պատասխանել վանդալիզմով եւ հանցագործությանը պատասխանել հանցագործությամբ: Քաղաքակիրթ աշխարհում շատ ավելի գրագետ մեթոդներ կան պատասխանելու եւ այդ քայլերն արվում են»:
Ըստ Սանդիկովի, ԶԼՄ-ները ճիշտ չեն մատուցում, երբ ասում են, թե ՀՀ իշխանությունները՝ արտգործնախարարությունը, մեր դիվանագիտական կորպուսը պատշաճ չի արձագանքել Արմավիր քաղաքում օրերս ռուս պատգամավորի կողմից վանդալիզմի արարքին. «Թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, թե՛ ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակը խոսեց այդ երեւույթի մասին, ասաց, որ վանդալիզմի դրսեւորում է ու պետք է դատապարտվի համապատասխան հոդվածով: Ես խոսել եմ ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ, այդ օրվա դրությամբ նախատեսվում էր իր այցը Արմավիր քաղաք, հանդիպում Արմավիրի իշխանությունների հետ՝ արարքին համապատասխան իրավական պրոցեսներ ապահովելու համար»:
Սանդիկովը հայտարարեց. «Որպես պատգամավոր, օգտագործելով խորհրդարանական վերահսկողության իմ լծակները՝ հետեւելու եմ, որ Երեւանում վանդալիզմ ի ակտ գործած անձնավորությունը պատժվի օրենքի ողջ խստությամբ»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես դատապարտեց Շահեն Հարությունյանի քայլը՝ ասելով, որ նա չգիտի, թե Գրիբոյեդովն ով է, ինչ դեր է ունեցել ու ինչի համար է մահացել. «Դա վանդալիզմ է ու որեւիցե կապ չունի իր նշած նպատակի հետ, ընդամենը աչքի ընկնելու անհաջող փորձ է: Իրավապահները պետք է զբաղվեն եւ զբաղվում են դրանով»:
Սանդիկովը լրագրողների հետ խոսեց նաեւ ՌԴ-ում հականժդեհական շարժման մասին, մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մենք, հայերս, պարտավոր ենք հարգել Գրիբաեդովին …