ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ խնդրում ենք անկեղծ պատասխանեք եղե՞լ է, որ իշխանությունները ձեր առջեւ պայման դնեն, ասեն՝ Ծառուկյան ջան, այստեղ դու այսքան մեքենա ես տալիս, այս հիմնադրամին այսքան մուծվում ես, մենք քեզ լավ աչքով ենք նայում: Ծառուկյանը պատասխանեց. «Բայց Ծառուկյանը ե՞րբ անկեղծ չի եղել, որ…Ուրեմն ասեմ՝ իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝ այդպիսի բան ոչ մեկը ոչ ռիսկ է արել, ոչ էլ ռիսկ կանի նման բան ասի»:
Ճշտեցինք՝ նախկին իշխանություննե՞րն էլ ձեզ նման պայման չեն առաջարկել՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մեկը: Դուք կարաք իրանց հարցնեք՝ այդպիսի բան, Ծառուկյանի դիրքը, կշիռը, դրվածքը այնպես է եղել, դու Ծառուկյանի ելույթները երեւի տեսնում եք, ո՞նց կարող է պատահի, ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Որովհետեւ Ծառուկյանը ինչ մտածում է՝ այն ասում է: Ծառուկյանը լիարժեք, ոչ թե ինչ-որ վա~յ, հանկարծ իմ հետեւից կընկնեն, հանկարծ էս կանեն, Ծառուկյանն ուզում է լավ լինի: Ծառուկյանի համար կապ չունի, որ կուսակցությունից է, ում բարեկամն է, Ծառուկյանը լիարժեք ուզում է լավ բան անի իր ժողովրդի համար, ասենք թե չեմպիոններ ունենաք, երկրից չգնան, գնացածները հետ վերադառնան, երջանիկ լինեն, դեմքին ժպիտ լինի…»:
Հարցրեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են բիզնեսմենները միշտ ձգտում իշխանություններին «քիպ» լինել՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ուզում են քիպ լինեն, որ գործերը լավ լինի: Հիմի այսօր նայում ես, բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում, ասա՝ ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ գնացեք նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, ոչ թե մի ամիս ստուգում են ու վերջ…Ես էլ ասում եմ՝ ստուգեք, հո չե՞մ ասում՝ մի ստուգեք: Բայց ստուգելուն ձեւ կա, էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր, հա՞: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվավ, մենակ էլի Ծառուկյանին պետք է ստուգեն, թող ստուգեն՝ իրանց ցավն էլ տանեմ: Էլ ո՞ւմ են ստուգում, կարա՞ք ասեք»:
Ծառուկյանը հայտարարեց. «Ես ցանկանում եմ, ուզում եմ իմ երկիրը լավ լինի, ներդրումները գան, ներդրումների համար ոչ թե պետությունն է պայմաններ առաջադրում, այլ ես իմ սեփականության հաշվին քայլեր եմ կատարում, սիրում եմ իմ երկիրը, ոչ թե դատարկ-դատարկ խոսում եմ, հեքիաթներ…, ցանկացած խոսքիս տակ իմաստ կա, ճշմարտություն կա: Բայց այսօր ներդրումները սառեցնում են բոլորը»:
Կարդացեք նաև
Ծառուկյանը խոսեց նաեւ սահմանադրական ճգնաժամի, դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին, մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ