Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Վարդանյան, ձեր ասածից սահմանադրական իրավունքի հիմնադիրները գերեզմանում շուռ են գալիս». Մարուքյան

Դեկտեմբեր 03,2019 13:08

«Ուղղակի զարմացած եմ, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ասում է՝ ի՞նչ է նշանակում վարչապետին ենթակա մարմինների՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ղեկավարներին հրավիրել խորհրդարան՝ հարցեր տալու, ո՞նց կարելի է նման բան անել, բա որ իրենք էլ օրինագիծ մշակեն ու պատգամավորներին կանչեն հարցեր տալու»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոններում համակարգի մարդ չհանդիսացող անձի նշանակելու մասին ԼՀԿ օրինագիծն այսօր քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ. հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեմ է արտահայտվում, եւ հանձնաժողովն էլ «դեմ» է քվեարկել, իսկ Մարուքյանի պնդմամբ՝ նախկինում քաղաքական մեծամասնությունը կողմ էր օրինագծին:

Մարուքյանը դիմեց Վլադիմիր Վարդանյանին. «Ես ուղղակի ապշած եմ, պարոն Վարդանյան, դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք, նման բան որ ասում եք՝ կարծում եմ՝ սահմանադրական իրավունք գիտության հիմնադիրները գերեզմանում շուռ են գալիս, խառնվում իրար…ո՞նց կարելի է նման բան ասել: Ինչ վերաբերում է սահմանադրականությանը, մեր օրինագիծն ամբողջությամբ սահմանադրական է: Իսկ քաղաքական հարցը հետեւյալն է: Ի՞նչ փոխվեց առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանեց: Այս հարցին քաղաքական պատասխան տվեք: Սահմանադրության վրա «շառ» մի արեք, թե սահմանադրական խնդիր կա, դրան ոչ մեկ չի հավատա»:

Էդմոն Մարուքյանը համաձայն չէ «Իմ քայլի» բնորոշումների հետ, թե իրենց օրինագծով կխաթարեն ԱԱԾ եւ Ոստիկանության աշխատանքը. «Եթե ժամանակին մեր հետ համաձայնեիք, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է նախարարություններ լինեին, այսօր չէինք լինի այն օրին, որ ոչ ոստիկանապետ ունենք, ոչ ԱԱԾ պետ: Իբր հիմա այդ համակարգերն ապաքաղաքական են, բայց ո՞ւմ եք խաբում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031