«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ձեր հետ համաձայն եմ: Սա իմ անձնական կարծիքն է: Համաձայն եմ, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է նախարարություններ լինեն, մշակեն իրենց զարգացման քաղաքականությունը եւ պատասխանատվություն կրեն դրա համար՝ հաշվետու լինելով ԱԺ-ի առաջ»,-խորհրդարանի ամբիոնից այսօր դիմելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոններում համակարգի մարդ չհանդիսացող անձի նշանակելու մասին ԼՀԿ օրինագիծն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ. «Իմ քայլը» դեմ է արտահայտվում, թե նախկինում, Մարուքյանի պնդմամբ, կողմ էին, երբ հարցը քննարկվում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Քրիստինե Պողոսյանը շարունակեց՝ ԱԱԾ համակարգը փակ է. «Իրենց միջից են մարդիկ նշանակվում ղեկավարի պաշտոնին: Մենք տեսել ենք, թե ինչ «փոփոխությունների» է դա բերել: Համաձայն եմ, որ արմատական եւ համակարգային փոփոխություններ են պետք, բայց մի բան չեմ հասկանում, պարոն Մարուքյան: Ես իրավաբան չեմ, բայց ձեր խմբակցության 1/3-ն իրավաբաններ են: Չէիք կարո՞ղ այնպես անել, որ սահմանադրության հետ հակասություն չլիներ: Ես անկեղծ ուզում էի, որ ձեր օրինագիծն անցներ: Կարելի էր ավելի լավ գրել օրինագիծը»:
ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը պարզաբանեց՝ օրինագծում հակասահմանադրական տարրեր չկան. «Այս հարցը սահմանադրական փոփոխությունների ժամանակ եթե ի հայտ գա, այլ լուծում կստանա, ուստի պետք չէ սպասել սահմանադրական փոփոխությունների: Եթե ուզում եք ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հեռու պահել խորհրդարանական վերահսկողությունից, վաղ թե ուշ դա ձախողվելու է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ