Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ասած 0,1 տոկոսանոց գնաճի պայմաններում ալյուրը Հայաստանում թանկացել է 4,5%-ով. «168 ժամ»

Դեկտեմբեր 03,2019 12:22

Հայաստանում գնաճ կա՞, թե՞ չկա, սպառողները շատ լավ գիտեն։ Ու դրա համար պարտադիր չէ հետևել, թե ինչ է ասում պաշտոնական վիճակագրությունը։

Ի դեպ, ժամանակին գնաճի մասին այդպես էր մտածում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Բայց հիմա արդեն նրա մոտեցումները փոխվել են։

Հիմա արդեն վարչապետի համար գնաճն այն է, ինչ ասում է պաշտոնական վիճակագրությունը։ Իսկ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2019թ. հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սննդամթերքը թանկացել է 0,1 տոկոսով։ Այլ հարց է, թե դա ինչպե՞ս է արտահայտվել։ Այդ հարցին Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն հակված չէ անդրադառնալ։ Բայց որպեսզի պարզ լինի, թե սննդամթերքի շուկայում պաշտոնապես արձանագրված 0,1 տոկոսանոց գնաճն ինչպե՞ս է արտահայտվել առանձին ապրանքների գների վրա, մի փոքր բացենք փակագծերը։

Վարչապետի ասած 0,1 տոկոսանոց գնաճի պայմաններում ալյուրը Հայաստանում թանկացել է 4,5%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հացի գները վերջին մեկ տարում բարձրացել են 3,7 տոկոսով։ Այդ ընթացքում մակարոնեղենը թանկացել է՝ 7,6, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 3,5 տոկոսով։ Բրնձի գինն ավելացել է 3 տոկոսով։ Հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Հայաստանում մրգերի գնաճը կազմել է՝ 8,3, բանջարեղենինը՝ 9,3 տոկոս։

Սրանք այն սննդամթերքներն են, որոնք սպառողները, հատկապես՝ հասարակության սոցիալապես անապահով հատվածը, առավել հաճախ է օգտագործում։ Ու նրանց համար քիչ էական է, որ, ասենք՝ միսը մի քանի տոկոսով էժանացել է։ Մսի գներն այնքան բարձր են, որ 100 կամ 200 դրամի տարբերությունը շատ բան չի փոխում։ Այսպես թե այնպես, հասարակության մի մեծ հատված ի վիճակ չէ այսօր օգտվելու դրանից։ Բացի դա էլ, Ամանորին ընդառաջ՝ մսի գներն արդեն իսկ սկսել են բարձրանալ։

Անշուշտ, էլի կան սննդամթերքներ, որոնք անցած մեկ տարում էժանացել են։ Ասենք՝ ծովամթերքի առանձին տեսակները, կարագը, թեյը, սուրճը, և այլն։ Ու այդ բոլորի արդյունքում միջին գնաճը սննդամթերքի շուկայում կազմել է 0,1 տոկոս։ Բայց ոչ մեկը չի ասում, թե ինչպիսի՞ն է եղել դրա իրական ազդեցությունը մարդկանց գրպանի վրա։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031