Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին գրոհը՝ նեոկայսերական նախագծի պարտությունից առաջ

Դեկտեմբեր 03,2019 22:00

Հայաստանի չորս հարեւաններից բոլոր չորսում խորացող ներքին դիմակայունություն է անհայտ կարճաժամկետ հեռանկարով։ Յուրաքանչյուրը՝ չորս տարբեր պատմություններ, որոնց միավորում է մի բան. խզում երկրի ղեկավարության շահերի եւ երկրի իրական շահերի միջեւ, հինը դիմադրում է նորին, եւ մեր «ռազմավարական դաշնակիցն» այս կամ այն ձեւով կամ չափով ներգրավված լինելով կամ իր համակրանքով եւ բարոյական աջակցությամբ մարտնչում է հանուն հնի կոնսերվացման, դառնալով տարածաշրջանի հետադիմության հույսը եւ «հեղինակությունը»։ Այո, նույնիսկ Ադրբեջանում, որտեղ ֆասադային փոփոխությունը, զուգորդված ֆիզիկական սերնդափոխությամբ՝ միտված է այնպիսի «փոփոխության», որպեսզի տարածաշրջանի վերջին բռնապետության մոտ ոչինչ չփոխվի։

Մակերեսին է մի իրավիճակ, որը կարող է թվալ իդեալական՝ նեոկայսերական նախագիծը վերջապես իրականություն դարձնելու համար։

Թվում է, թե եւս մի փոքր ջանք, եւ Ուկրաինան կընկրկի Մոսկվայի ճնշման առաջ, Լուկաշենկոյի Բելառուսը կենթարկվի «անշլյուսի», դրանով «ռուսսկի միռ»-ը կամբողջանա Մոսկվայի այդ աշխարհաքաղաքական ճաշասեղանին, որից հետո Կովկասը, Հայաստանն էլ ներառյալ՝ կմնա «դեսերտին», ինչպես մեկ դար առաջ։ Բայց գոնե առայժմ Մոսկվան գնում է ստատուս-քվոյի պահպանման ճանապարհով։

Նույնպես իդեալական է թվում իրավիճակը միջազգային քաղաքական թատերաբեմում. բոլորը կոչ են անում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ նախագահը եւ նրա մերձավորները, իսկ Ուկրաինայում մտքերի խառնաշփոթ է, Բելառուսի բռնապետը ծերանում է, ռուսական պարտքը հասել է անհաղթահարելի չափերի եւ նոր վարկեր են անհրաժեշտ, Արեւմուտքի «դաշնակից» Թուրքիան երբեք այս աստիճանի «յուրային» եւ այս աստիճանի Արեւմուտքին հակադրվող չի եղել, որքան ներկայումս։

Եվ այս ամենի հանրագումարում մակերեսին է մի իրավիճակ, երբ Պուտինն «ամենահզորն» է եւ «ամենախելացին», երբ նրա ձեռքում են բոլոր հաղթաթղթերը։

Մինչդեռ իրականությունը ոչ միայն մակերեսին է, այլեւ խորքում։ Իսկ խորքում տեղի են ունենում միանգամայն օբյեկտիվ գործընթացներ, որոնք ունենալով բարձր արագություն, խորթ են մնում միջնադարյան մտածողություն ունեցող Կրեմլի տիրակալի եւ նրա շրջապատի համար, որեւէ շանս չթողնելով Մոսկվային շահառու դառնալ այդ գործընթացներին։ Իսկ խոսքը գնում է զուգահեռ ընթացող չորս գլոբալ հեղափոխությունների մասին, որոնց անվերապահ առաջատարը Միացյալ Նահանգներն են՝ տեղեկատվական, հեռահաղորդակցական, էներգետիկ եւ նոր արդյունաբերական։

Դրանցից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող էր փրկօղակ դառնալ ներսից ցամաքող Ռուսաստանի համար, մինչդեռ ռուսական «կարկառուն» եւ «գոսուդարստվեննիկ» պաշտոնյաները խոշորացույցով են կարդում տեքստերը համակարգչի էկրանից եւ սահմանափակում են համացանցի հասանելիությունը, իսկ երիտասարդությունը ահռելի տեմպերով լքում է երկիրը եւ երկիրը լքելու ցանկությամբ հասել ռեկորդային մակարդակի։

Սակայն, Մոսկվայի ողջ նյութական, քաղաքական եւ բարոյական ռեսուրսն ուղղված է մի բանի՝ վերականգնել «հոգեկան կոմֆորտը» կայսրության վերականգնման խաբկանք ստեղծելու ճանապարհով։ Ինչո՞ւ խաբկանք, որովհետեւ պարզ է, որ իրականում դա այլեւս անհնար է, սակայն «միջին վիճակագրական Իվանին» դա բացատրելն առանց վարկանիշի անկման հնարավոր չէ, մանավանդ, երբ նման բացատրությունից հետո հաջորդ հարցը, որն ամենահավանականն է, որ կարող է տրվել, դա հետեւյալն է. «իսկ ո՞ւր է փողը, Զինա», ինչպես Վիսոցկին էր երգում։ Եվ այդ հարցն ուղղվելու է ծերացող Վլադիմիր Վլադիմիրովիչին, որը Կրեմլում է արդեն ավելի երկար, քան դա հաջողվեց հանգուցյալ Լեոնիդ Իլյիչին։ Իսկ փողը չկա, փողը դուրս է հանվել, տարբեր գնահատականներով մինչեւ մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար, եւ սնուցում է միջազգային կոռուպցիան, միջազգային հանցավորությունը, հակալիբերալ պրոպագանդան բոլոր մայրցամաքներում, տարբեր մասնավոր ռազմական խմբավորումներ, որոնք Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում կատարում են ռազմական հանցագործություններ եւ զբաղված են բանդիտիզմով։

Հետեւաբար, միակ բանը, որ մնում է Կրեմլին՝ դա պատրանքի ապահովումն է։ Սակայն դրա համար եւս պահանջվում է իրականությանը մոտ որոշակի տարրեր, եւ այդ իմաստով Պուտինի հանդիպումները Բելառուսի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ կարող է դիտվել Մոսկվայի կողմից որպես վճռորոշ փուլ։ Եվ Մոսկվան ի ցույց է դրել իր ողջ ցանկությունը ձեռնարկել եւս մի գրոհ՝ իր «երազանքին» հասնելու համար։ Մոսկվային թվում է, թե նույն հաղթաթուղթը, որն աշխատեց 2014-ին, երբ հասարակական բողոքը խեղդվեց Ղրիմյան-կայսերապաշտական հիստերիայի ալիքով, կաշխատի նաեւ այժմ։ Եվ որեւէ մեկը չի ուզում հավատալ, որ դրանք սին հույսեր են։ Մյուս կողմից, չհավատացողները գերադասում են լռել, քանզի նրանք «Արեւմուտքին ծախված դավաճաններ» են, եւ կարող են նույնիսկ մեկ «լայքի» համար երկար ժամանակով բանտարկվել։ Իրավիճակը շատ նման է մի թաղման թափորի, որտեղ մարդիկ մինչեւ վերջ չեն հասկացել, թե նրանք ուր են եկել՝ թաղմա՞ն, թե՞ խնջույքի։ Թե՞ խնջույքի՝ թաղման ժամանակ…

Ժամանակին ԽՍՀՄ-ը պայքարում էր ընդդեմ մարդկային տրամաբանության, գտնվելով պատմության սխալ կողմում, եւ ի վերջո հասավ սնանկացման։ Այժմյան Ռուսաստանը մտել է էլ ավելի անհեռանկարային պայքարի մեջ՝ ընդդեմ ժամանակի, եւ դատապարտված է նույն վերջաբանի։

ԽՍՀՄ-ին եւս շանս տրվեց՝ «լիցքաթափել» լարվածությունը, Հելսինկի, «Սոյուզ-Ապոլլոն», հրավերներ-այցեր-ձեռքսեղմումներ, եւ այդ ամենը վերջացավ, երբ Բրեժնեւը անիմաստ հարձակում գործեց ընդդեմ, որեւէ վտանգ չներկայացնող, խաղաղ Աֆղանստանի։ Ներկայիս ռեւերանսները Ռուսաստանին՝ նույն «օպերայից» են, եւ Արեւմուտքին կարծես անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի իր պատկերացումները դարձնի իրականություն, իսկ պատկերացումներն այլեւս հստակ են, որքան էլ որ դրանք պատված լինեն բարիդրացիական դիվանագիտական ծխածածկույթով։

Իսկ Հայաստանը, որքան էլ որ օղակված լինի ապակայունացման միտումներով, ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի խուսափի այնպիսի կատակլիզմներից, որոնց առաջ վերջին հարյուր տարվա ընթացքում երեք անգամ կանգնել է՝ 1918-ին, 1920-ին եւ 1991-ին, եւ երեք դեպքերում էլ, նախ, Կրեմլի տիրակալների անսահման ագահության եւ քարանձավային տգիտության, ինչպես նաեւ՝ սեփական ներուժի թերագնահատման եւ քաղաքական տհասության պատճառով։ Ընդ որում, 1991-ին, այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել մեր առաջին սերնդի քաղաքական դասին՝ Հայաստանին մեծապես հաջողվեց ոչ միայն խուսափել աղետից, այլեւ ուղղակիորեն հաղթահարել գոյաբանական սպառնալիքը, կախված հայության գլխին։ Իսկ այսօր Հայաստանի առաջ ի դեմս Թավշյա հեղափոխության՝ բացվել է պատմական շանս, որպեսզի իր ողջ ռեսուրսը գործադրելով հզորացած դուրս գա պատմական այս շրջափուլից եւ ամրապնդի իր տեղը քաղաքակիրթ մարդկության ընտանիքում։ Մնացածը քննարկելի է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
3.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031