Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա «հզոր ընդդիմությունը» (խոսքը նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների մասին է) ուղղակի գանձ է իշխանությունների համար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 03,2019 12:08

Հայաստանի ներքաղաքական կարեւորագույն խնդիրն ակնհայտորեն ուժեղ ընդդիմության բացակայությունն է: Այնպիսի ընդդիմության, որը, ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, նորմալ քաղաքական մրցակցություն կապահովեր ու դրանով իսկ օգուտ կտար հասարակությանն ու վերջին հաշվով պետությանը։ Հայաստանում հզոր ընդդիմություն, իհարկե, կա, բայց այդ հզորությունն արտահայտվում է բացառապես ֆինանսական մեծ ռեսուրսներով, իսկ ահա հանրային աջակցության կամ պետությանն ինչ-որ կերպ օգուտ տալու տեսանկյունից այդ ընդդիմության «հզորությունը» գրեթե զրոյական է։

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր իսկական ընդդիմություն ունենալը։ Որովհետեւ դա իշխանություններին կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել՝ չկորցնելու համար հանրային աջակցությունը։ Իսկ այսօրվա «հզոր ընդդիմությունը» (խոսքը նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների մասին է) ուղղակի գանձ է իշխանությունների համար։ Որովհետեւ իրենց հասցեին հնչեցված ցանկացած քննադատության (կապված տնտեսության հետ, սոցիալական խնդիրների, թե արտաքին քաղաքականության՝ էական չէ) կարող են պատասխանել «բա լավ է՞ր, որ ձեր ժամանակ…» եւ տասնյակ օրինակներ բերել քննադատողների «աչքը կոխելով» նրանց օրոք կատարված հանցանքները եւ այդպիսով փակելով նրանց բոլորի բերանը։ Պարզ ասած՝ նման խոցելի ընդդիմություն ունենալը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս թուլանալ եւ առանձնապես բանի տեղ չդնել քննադատությունները, ինչը, հասկանալի է, ազդում է (կամ վաղ թե ուշ կազդի) նրանց գործունեության որակի վրա։

Իսկ եթե երկրում ձեւավորվի այնպիսի հզոր ընդդիմություն, որի քննադատություններին հնարավոր չլինի պատասխանել «բա լավ է՞ր, որ ձեր ժամանակ…» բառերով, այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն գործել այնպես, որ քննադատությունները հնարավորինս քիչ լինեն, լինելու դեպքում էլ՝ ստիպված կլինեն առարկայական բացատրություններ տալ (եթե ոչ այդ ընդդիմությանը, ապա հասարակությանը)։

Հասկանալի է, որ իշխանությունները որքան էլ իրապես շահագրգռված լինեն քաղաքական համակարգի կատարելագործմամբ ու պետության զարգացմամբ, իրենց ձեռքով այդպիսի ընդդիմություն չեն ստեղծելու։ Եթե նույնիսկ փորձեն՝ հասարակությունը մերժելու է «հաճախորդներին», ինչպես մերժել է տարիներ շարունակ։ Իշխանությունները կարող են միայն նպաստավոր պայմաններ ստեղծել իրական ընդդիմության ձեւավորման համար ու կարծես թե ստեղծում են (համենայն դեպս՝ չեն խանգարում)։ Իսկ ահա նախկինները խանգարում են՝ տասնյակ քարոզչամիջոցների աղմուկով քաղաքական դաշտում «զբաղված պահելով» այն տեղը, որը պիտի իրական ընդդիմությունը զբաղեցներ։ Նախկինների համար դա չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե իսկական ընդդիմություն ձեւավորվի՝ իրենք վերջնականապես դուրս կմղվեն քաղաքական դաշտից, այլեւս հնարավորություն չեն ունենա նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները ներկայացնել որպես քաղաքական հետապնդումներ ու կվերածվեն սովորական մեղադրյալների, որոնց անգամ ամենաթանկարժեք փաստաբանները հազիվ թե օգնեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031