Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ
– «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը բիլբորդների վրա տիրաժավորելու համար պետբյուջեից հատկացվեց 100 հազար դոլար։ Այս ուղերձն ո՞ւմ է ուղղված, եւ արդարացվա՞ծ է այդ ծախսը։
– Իմ մասնագիտությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ մարդու գեղարվեստական կերպարը միշտ խոսում է այն մասին, ինչն իր մոտ դատարկ է, նկատի ունեմ՝ կա՛մ այդ օջախը պետք է կառուցել, կա՛մ այդ մասին լոզունգ անել։ Եթե երկիրը չի կառուցվում, այդ դատարկ տարածությունը պետք է լցվի լոզունգով, որի համար միլիոններ են հատկացնում։ Մինչդեռ այդ լոզունգը կայացնելու համար, ես հավատացնում եմ՝ շատ ավելի քիչ նյութական միջոցներ են պահանջվում, առաջին հերթին՝ ճշմարիտ սրտին ուղղված խոսք ու գործողություն։ Կառուցելու համար ամենավտանգավոր բանը դրա մասին խոսելն է, եթե խոսում են սիրո մասին, ուրեմն արդեն սեր չկա։ Նույնը՝ այս դեպքում, ո՞նց կարող է դա թեմա դառնալ, սա գործունեության իմպուլս պետք է լինի։
– Մենք տեսանք, որ նոր իշխանություններն էլ առանձնապես ժուժկալությամբ աչքի չեն ընկնում, դրա վկայումը պարգեւատրումներն էին, նախարարների աշխատավարձի կրկնապատկումը՝ վարչապետի գաղտնի հանձնարարականով։ Ստացվում է՝ ունենք նոր իշխանություն՝ հին բարքերով։
Կարդացեք նաև
– Եթե իրենց պատճառաբանությունները լսենք, որ քիչ են վճարվում, դրա համար են վատ աշխատում, ուստի պետք է լավ վճարվեն՝ լավ աշխատելու համար, ես այդ կարծիքին չեմ։ Եթե երկիրը կայացնող այրերը փողով պետք է սիրեն իրենց գործն ու երկիրը, ուրեմն ես ոչ իրենց եմ ընդունում, ո՛չ իրենց գործը։ Մենք շատ ենք ամեն ինչ նյութով՝ փողով պայմանավորում։ Ինքնապարգեւատրումների պահով հիշեցի, որ ֆաշիստական Գերմանիայում նման ցուցումներով մի փաստաթուղթ էր հրապարակվել, որպեսզի իրենց նվաճած երկրներում կառավարելը հեշտ լինի, եւ իշխանություններն իրենց հավերժացնեն, նախ այնպես էին անում, որ անկարող մարդիկ ղեկավարեն, ոչինչ չնախաձեռնեն։ Եվ մի տարօրինակ բան էլ կար՝ անպայման պարգեւատրել նրան, ով ոչինչ չի անում։ Ես հիմա նույնիսկ վախենում եմ, որ սա զուգադիպություն չէ, որովհետեւ չեմ կարծում, որ այս աստիճանի տգիտությունը կարող է օկուպացնել երկիրը։ Ես նաեւ վախենում եմ, որ դա ծրագրված է արվում, ինչն ամենամեծ վտանգն է։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում