Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը զարմացած է. «Իմ քայլը» կողմ էր ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանն առնչվող օրինագծին, իսկ հիմա՝ դեմ

Դեկտեմբեր 03,2019 11:44

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը սահմանում է, որ ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ ղեկավարի պաշտոններում կարելի է նշանակել նաեւ համակարգի անձ չհանդիսացող անձի, ասել է թե՝ այդ պաշտոնները դառնում են քաղաքական:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Ի զարմանս ինձ՝ բուռն քննարկումներից հետո, երբ քաղաքական մեծամասնությունը կողմ արտահայտվեց, երեկ հանձնաժողովը «դեմ» քվեարկեց: Առաջարկներ կային, որ տեղակալների պաշտոններում եւս հնարավորություն լինի նշանակել համակարգից դուրս անձանց, իսկ ԱԱԾ հետախուզության գծով տեղակալին՝ միայն զինվորականի, եւ մենք կողմ էինք: Բայց ի սկզբանե տրամադրվածություն կար օրինագիծը մերժելու. ունենք այն, ինչ ունենք»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ պարզաբանեց, թե ինչու են դեմ արտահայտվել. «Երկար ենք քննարկել օրինագիծը, փորձել գտնել սահմանադրական լուծում, որը հնարավորություն կտար ուժային կառույցները չխարխլել: Հարց է առաջացել, թե ինչ անել տեղակալների հետ, որոնք ինքնուրույն լիազորություններ չունեն: Ուստի նրանց եւս պետք է ազատականացնել, ինչպես ղեկավարներին: Եկանք եզրակացության, որ այս փուլում սահմանադրական կանոնակարգումները թույլ չեն տալիս միաժամանակ ունենալ սահմանադրական լուծում եւ չխարխլել ուժային կառույցների կառուցվածքը: Կարեւոր է, որ այդ կառույցներում փոփոխություններ լինեն, բայց պետք չէ վատթարացնել իրավիճակը: Կարծես թե եկել ենք համաձայնության, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում այս խնդիրն էլ պետք է քննարկել»:

Կառավարության եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ եւս բացասական էր: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց. «Եթե ԱԱԾ պետը եւ ոստիկանապետը չլինեն, օրինակ, զինվորական ծառայող, կարող է խնդիր առաջանալ ոչ միայն սահմանադրության, այլեւ ներքին աշխատանքի ապահովման, նրանց գործառույթների տեսանկյունից: Միայն պետերին եւ տեղակալներին առանձնացնելն ու նրանց կարգավիճակն ազատականացնելը նպատակահարմար չենք գտնում: Այս լուծումը հատվածական կլինի, մենք համակարգային լուծումների ենք կողմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031