Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Ես ուղիղ ասեմ, այս պահի դրությամբ մենք պատահաբար չունենք գրպանային ՍԴ». «Փաստ»

Դեկտեմբեր 03,2019 11:33

Դեռ օգոստոսին հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի մի շարք դրույթներ քննադատությունների և բանավեճերի առիթ էին դարձել։

Խոսքը «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որտեղ տեղ էր գտել նաև ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։

Սկզբնական տարբերակում առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Դրական գնահատական տալով փաթեթին՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց կարծիքում մեխանիզմի վերաբերյալ իրենց վերապահումներն էին ներկայացրել՝ շեշտելով նաև դատական համակարգի կայունության պահպանման կարևորության մասին։

Այնուհետև արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ լրամշակված փաստաթղթում հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։

Մասնավորապես, առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Կառավարությունն ավելի ուշ հավանություն տվեց նախագծին, այն ուղարկեց Ազգային ժողով, որտեղ փաթեթի շուրջ տեղի ունեցած քննարկումները ամենևին հարթ չանցան։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ, սա այն հարցն է, որի պարագայում բոլոր դերակատարների համար ակնհայտ է, թե ինչ է իրականում տեղի ունենում։

«Իրականում սա Սահմանադրական դատարանը լուծարելու 71-րդ պլանն է։ Այսինքն, սա միջոց է, որ ՍԴ դատավորներին ճանապարհեն տուն և յուրայիններից ՍԴ կազմեն։ Սա գրպանային Սահմանադրական դատարան ունենալու ճանապարհ է։ Ես ուղիղ ասեմ, այս պահի դրությամբ մենք պատահաբար չունենք գրպանային ՍԴ։ Իրավիճակն է այդպիսի պատկեր ստեղծել, ըստ որի՝ այսօր ՍԴ-ն գործադիրի կցորդ չէ։ Հիմա գործադիրին և օրվա իշխանությանը դուր չի գալիս այդ վիճակը, և վերոնշյալը պարզապես հերթական փորձն է՝ 70 տապալված փորձերից հետո։

Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ հեղինակները չեն էլ փորձում քողարկել կամ թաքցնել իրենց իրական նպատակները։ Եթե նախկին իշխանությունները նմանատիպ քայլեր ձեռնարկելիս փորձում էին ամեն կերպ քողարկել իրական նպատակները, ապա այսօր դա ուղիղ է արվում։ Այսօր արդարադատության նախարարն Ազգային ժողովում ուղիղ ասում է, որ սա արժանապատիվ հեռանալու հնարավորություն է ՍԴ դատավորների համար։

Ի՞նչ է ուզում ասել արդարադատության նախարարը։ Նա ուղիղ ասում է՝ ոչ թե գրել ենք այն նպատակով, ինչ նպատակով որ Վենետիկի հանձնաժողովին էինք ներկայացնում, այլ գրել ենք մի նպատակով, որ ձեզ ուղարկենք տուն։ Ընդ որում, ուշադրություն դարձնենք արժանապատիվ ձևով հեռանալու ակնարկին։ Սա թաքնված սպառնալիք է։ Ի՞նչ է նշանակում արժանապատիվ հեռանալ։

Այսինքն, եթե չհեռանաք, մենք անարժանապատիվ ձևով ձեզ կհեռացնե՞նք։ Կարծում եմ՝ երբեմն չափից շատ ցուցաբերվող ազնվությունը ստանում է ինքնախոստովանական ցուցմունքի երանգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։

Խոսելով նաև նախագծից բխող հետևանքների մասին՝ փաստաբանը նկատեց. «Մեծ հաշվով, մենք ունենալու ենք երկու հնարավոր հետևանք. կա՛մ Սահմանադրական դատարանը կկարողանա մնալ այս տեսքով, որ տեսքով կա, կշարունակի դիմադրել՝ չդառնալով օրվա իշխանության կցորդը, կա՛մ մենք կունենանք կցորդ Սահմանադրական դատարան։

Այս ջրբաժանի առաջ ենք կանգնած, որից էլ սկսում են նշված երկու ճանապարհները»։

Իսկ այն դիտարկումների վերաբերյալ, թե այսպիսով կլուծվի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, Երվանդ Վարոսյանը վերապահումներ ունի։

«Երբ ասում են ճգնաժամ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։

Երբ ՍԴ-ն չի կատարում իշխանության ցանկացած պատվեր, սա ճգնաժա՞մ է։

Հակառակը, կարծում եմ, որ իրական Սահմանադրական դատարանը հենց այդպիսին պետք է լինի։ Ճգնաժամ է հակառակ պարագայում, երբ ունենում ենք կցորդ դատական իշխանություն»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մինչ այս հնչած հայտարարություններին, նախագծերին, դատաիրավական բարեփոխումների խնդրին՝ փաստաբանը շեշտեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, դատական համակարգն իրապես բարեփոխելու ցանկություն, նպատակ և ծրագիր չի տեսնում։

«Այդ բոլոր խոսակցությունները՝ սկսած անցումային արդարադատությունից մինչև վեթթինգ, պարբերաբար ծնվում էին այն ժամանակ, երբ դատական համակարգին կամ առանձին դատավորներին սպառնալու անհրաժեշտություն է առաջանում։ Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում։

Ես կրկին տեսնում եմ միտում, ըստ որի՝ իշխանությունն ուզում է ցույց տալ հետևյալը. մասնավորապես՝ «դուք պետք է կայացնեք այն որոշումը, որն ինձ հաճելի է, եթե չեք կայացնում այն որոշումը, որն ինձ հաճելի է, ես ջղայնանում եմ։

Սկսում եմ ասել, որ չպետք է լինի դատավոր, որն իմ ասածը չպետք է կատարի, ես սկսում եմ արգելափակել ձեր դռները, ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ, ֆեյքային հարձակումներ եմ սկսում, մեդիա դաշտում ձեզ վարկաբեկելուն ուղղված պատվերներ եմ սկսում»։

Այս ամենն է իրականացվում, և այդ համատեքստում ես այլ բան ուղղակի չեմ տեսնում։ Առաջին հերթին ունենք պահի խնդիր։ Բացի այդ, ունենք հասարակության մի ստվար զանգվածի մոտ աշխատանք ցույց տալու ցանկություն, որպեսզի ինչ-որ մեկը հավատա, որ ինչ-որ բան փոխվում է կամ ինչ-որ բան փոխելու ցանկություն կա»,-ընդգծեց Ե. Վարոսյանը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ժողովրդի ստվար մասը ,,գիլյոտին,,է ուզում՝իշխանություններն էլ մշտապես հույս են տալիս,որ կլինի ,,գիլյոտինը…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031