Երևանի քաղաքապետարանին նվիրատվությունների սկանդալի հայտնի ու անհայտ մանրամասների մեջ չմտնելով՝ փաստացի մթնոլորտն այնքան է քաղաքականացված, որ նվիրատվությունը դարձել է քրեական հանցանք: Ինձ կառարկեն՝ ոչ անշահախնդիր նվիրատվությունը: Բայց ու՞մ համար է մութ, որ այդքան թանկ նվերները քաղաքապետարանին գեղեցիկ շենքի համար չեն արվելու: Քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը պահանջողները պատասխանե՞լ են հարցին՝ այդ չարաբաստիկ ԿԱՄԱԶ-ները իր տու՞ն է տարել: Ինձ նորից կառարկեն, որ դա հիմնավորում չէ: Իհարկե, հիմնավորում է, նվերը տրվել է քաղաքին:
Հայկ Մարությանը իբրև Երևանի քաղաքապետ մեղավոր է, որովհետև բաց ու «դուխով» խնդիրը չի դրել ԱԺ-ի առաջ ու չի առաջարկել կամ պահանջել այնպիսի օրենսդրություն, որով հանգիստ ու բացահայտ՝ առանց կեղծ պատճառաբանությունների, քաղաքապետն իրավունք ունենա օրենքների շրջանակներում սահմանել նվիրատվությունների, հողահատկացումների օրինականության, շենքերի կառուցապատման փոփոխությունները: Չեմ ընդունում առարկությունը, որ օրենքներ կան: Կան, բայց սահմանափակ են: Քաղաքապետը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլորի համար: Այլապես կամ հավերժական արդարանալու է, կամ դեպրեսիայի մեջ է ընկնելու: Կամ՝ մի քանի օրով արձակուրդ է գնալու:
Կա այս ամենի հակառակ կողմն էլ. մենք, չգիտես ինչու, կարծում ենք, որ արտասահմանցի ներդրողները մաքուր, ազնիվ, արդար ու համարյա սուրբ են, իսկ մեր մեծահարուստները, ավելի ճիշտ՝ օլիգարխները, մեղմ ասած, սրիկաներ են, որ հարստացել են մեր հաշվին: Մենք բոլորովին դեմ չենք, որ նրանք էլ՝ «Հիսուսի բարդույթով», բաժանեն ունեցվածքը աղքատներին, ու վերջ: Իսկապես՝ ամեն ստրուկ երազում է ոչ թե ազատություն, այլ սեփական ստրուկը ունենալ: Իսկ ազատությունը այս պարագայում նշանակում է, որ սեփական օլիգարխներին էլ պետք է հավասար վերաբերմունք ցույց տալ ու նրանց համար ապահովել ոչ միայն օրինական դաշտում գործելու հնարավորություն, այլև հասարակական ընկալում, որ նրանք նույնպես հայրենասեր են ու հայրենիքի համար են աշխատում: ՈՒ հարուստ լինելը ոչ մեղք է, ոչ հանցանք, ոչ ապօրինություն: Կոռուպցիայի դեմ կռվի, ամեն տեղ ու ամեն ինչում կոռուպցիոն ռիսկերի ուրվականը նյութականացնելով՝ ու՞ր ենք գնում:
Փաստացի Հայկ Մարությանին է վերադառնում սևերի ու սպիտակների իր նետած բումերանգը, երբ ինքը սկսում է աշխատել սևերի հետ, չեն ներում ոչ սպիտակները, ոչ սևերը: Դատախազությունը կարող է գործ հարուցել՝ մամուլի հրապարակումները ստուգելու համար, ԼՀԿ-ն կարող է ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, և այլն, և այլն: Բայց այս մթնոլորտում հազիվ թե ԱԺ-ում որևէ պատգամավոր կամ կուսակցություն նախաձեռնի ՏԻՄ մարմինների գործունեության օրենսդրության համապատասխանեցում իրականությանը: Այս մթնոլորտում 64-րդական հարց է՝ Հայկ Մարությանը հրաժարական կտա՞, թե՞ չի տա: Միևնույն է, նույնիսկ ավագանու արտահերթ ընտրությունների ու նոր քաղաքապետի պարագայում պետք են օրենսդրական լուծումներ՝ բացարձակ թափանցիկ, հրապարակային ու անխոցելի գործելու համար:
Կարդացեք նաև
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում