Ռուսաստանը շահագրգռված է, որ վստահության ամրապնդման, մարդասիրական շփումների (այդ թվում լրատվամիջոցների գծով) հաստատման միջոցառումների վերաբերյալ Վիեննայում ձեռք բերած և Մոսկվայում նախարարերի հանդիպմանը հաստատված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ այս շաբաթ սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա կոնսոլիդացնել այդ գործընթացը:
Լավրովը համաձայնել է Ալիևի այն հայտարարության հետ, որ հակամարտության կարգավորմանը խանգարում է «Հայաստանի ղեկավարության ոչ արդյունավետ քաղաքականությունը»: «Համաձայն եմ Ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռ շատ բան կա անելու: Միանգամայն սատարում եմ ձեր այն թեզը, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից…»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում և կարևորել Ալիևի մասնակցությունը մի շարք միջոցառումների, այդ թվում Սոչիում Վալդայ ակումբի հանդիպմանը, որտեղ տեղի ունեցած երկկողմ հանդիպումն արտգործնախարարը գնահատել է շատ հետաքրքիր և շատ օգտակար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ