Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ «Սերժի վախտ» Նժդեհի թեման փակելու, եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հայատյաց զեկուցողի ու իշխանությունների անգործության մասին

Դեկտեմբեր 02,2019 22:30

Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Armenia-First!» նախաձեռնության առաջարկությամբ «Հայաստան-ԵՄ» հարաբերություններում նոր հեռանկարների եւ մարտահրավերների մասին բանախոսությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ ՀՀ դիվանագիտությունից լրացուցիչ ջանքեր են պահանջվում գործադիրի մակարդակով, ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանին, այնտեղ այլեւս չկա ընդգծված մեծամասնություն, հատկապես այսօրվա ԱԺ-ն պարտավոր է մեծ թափով աշխատել, որ կարողանա բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատանք տանել: Եվրոպական պատգամավորների հետ լուրջ աշխատանք պետք է տարվի. «Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք 3 խմբակցություն ՀՀ ԱԺ-ում ու ունենք 7 խմբակցություն Եվրոպառլամենտում, ակնհայտ է, որ իրենք իրար չեն ծածկում: Այսօրվա ԱԺ մեծամասնությունը, քանի որ մերժել են բոլոր իզմ-երը, հետեւաբար, որեւէ եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ չեն, ոչ մի տեղ չկան, ԲՀԿ-ն եվրոպական կոնսերվատորների եւ բարեփոխիչների խմբակցության անդամ է, իսկ ԼՀԿ-ն՝ լիբերալ դեմոկրատների: Մնացած բոլոր տեղերում մենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների մեջ ունենք վակուում»: Աշոտյանը մասնավորապես խոսեց ԵԺԿ-ի մասին, ասաց, որ նախկինում եւ այսօր ՀՀԿ-ն է Հայաստանի շահերն այնտեղ պաշտպանում:

Աշոտյանը նաեւ ասաց, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցողը Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն է նշանակվել, որը մեզ հետ հարաբերություններում հայտնի է հայատյացական սկանդալներով. «Մի սկանդալը հիշեցնեմ, երբ նախագահ եղած ժամանակ նրան վիրահատում էին, բացեց աչքերը, տեսավ բժիշկը հայ է, ասեց՝ վերջապես նորմալ հայ տեսա…»:

Ըստ Աշոտյանի, Բասեսկուն այս ընթացքում իրեն ոչ կոռեկտ է դրսեւորել ու թե ինչու է այդպես եղել, որ նա նշանակվի Հայաստանի հարցով զեկուցող, դա այսօրվա իշխանությունների բացարձակ անգործության պատճառով է. «Մեր իշխանությունները մամուլից են իմացել այն մասին, որ Տրայան Բասեսկուն նշանակվել է որպես Հայաստանի հարցով հիմնական զեկուցող»:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, Աշոտյանի խոսքով, վավերացման գործընթացում դանդաղել է, 2 տարվա ընթացքում 16-17 վավերացման ակտ կա, անցել ենք ճանապարհի ընդամենը 2/3-ը: Իսկ վավերացումը ձեւական չէ, այն թույլ է տալիս, որ համաձայնագիրը մտնի ուժի մեջ ամբողջությամբ: Իսկ այն 20%-ը, որը մինչեւ չվավերացնեն, չի մտնի ուժի մեջ, կարեւոր է: ԵՄ-Հայաստան համաձայնագիրը անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, այնտեղ կա մի շատ կարեւոր կտոր, որը վերաբերում է ԵՄ աջակցությանը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, թվարկվում են կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Աշոտյանը խոսեց Արեւելյան գործընկերության մասին, ասաց, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկիրն էր, որին հաջողվել էր ԵՄ-ի հետ նաեւ համաձայնագիր ունենալ, սակայն այսօր կա մի կարեւոր խնդիր՝ եթե նախկինում եվրոպացիներին արեւելյան գործընկերությունը շատ հետաքրքիր էր, հիմա կան բուռն քննարկումներ, որոնք վկայում են, որ նախագծի ապագան հարցականի տակ է. «Հայաստանի համար ստեղծվում է իրավիճակ,  որպեսզի քո գործը առաջ տանես, պետք է դու գնաս ու հիշեցնես քո մասին, ինչը այսօր չենք տեսնում: 2020-ին ավարտվում է  ՀՀ-ԵՄ գործընկերության գերակայությունների ժամկետը, արդեն այսօրվանից ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր է սկսել կոնսուլտացիաներ ԵՄ-ի հետ, թե որոնք են լինելու ՀՀ-ԵՄ գործընկերության հաջորդ եռամյակի գերակայությունները»:

ԵՄ-ն մեկ տարի հետո վերանայելու է նաեւ իր բյուջետային գործունեության մեխանիզմները. «Առաջ ամեն երկիր ուներ իր երաշխավորված ֆոնդը, իսկ 2021-ից առանձին հատկացումները վերաում են, ստեղծվում է ընդհանուր փողի խառնարան ու բոլոր երկրները՝ Հայաստանից մինչեւ Վրաստան այդ փողը կարող են ստանալ այն սկզբունքով, թե ով ավելի շուտ ու լավ կաշխատի: Եթե մենք ուզում ենք ապավինել եվրոպական աջակցություն ստանալ ու չգնալ Բրյուսել ու ասել, թե ցանկացած օլիգարխի թափ տամ՝ 10 մլն ջեբից կհանեմ, այդպիսի կառավարությունը կարող է եւ պետք է այսօրվանից աշխատի, որպեսզի Հայաստանը մրցունակ լինի ֆինանսական հարցի մեջ»:

Աշոտյանը խոսեց նաեւ Նժդեհի հետ կապված պատմության մասին. «Իշխանափոխությունից հետո ՌԴ-ում, Ադրբեջանում առաջանում են քննարկումներ, որոնք վերաբերում են Նժդեհի հերոսացման, կերպարի քննադատության: Այդ ամեն ինչը մի անգամ արվեց մեր իշխանության օրոք, տեղում ստացան պատասխան բավականին չոր ու այլեւս Սերժի վախտ էդ թեման չի բացվել: Իշխանափոխությունը ՀՀ-ում որոշ մարդկանց հույս տվեց, որ քանի ՀՀԿ-ականների հետ կապված արժեքները, իսկ իրենք դիտարկում էին, որ Նժդեհը միայն մերն է, ասֆալտին են փռում ու ծեփում են պատերին, ուրեմն կարելի է նաեւ դա անել արտաքին քաղաքականության խնդիրներից ելնելով: Հիշում եք Ադրբեջանի նախագահի տխրահռչակ թունարձակումը մեր վարչապետի ներկայությամբ: Ավաղ, ադրբեջանական պրոպագանդայի ջանքերը չեն սահմանափակվելու միայն ՌԴ-ով: Եվրոպական խորհրդարանի շենքում ստենդեր կան՝ ժուռնալներ, թղթեր, տարբեր հարկերում ստենդերի վրա հայտնվում է անգլերենով գրված գիր, որը նվիրված է Հայաստանում նացիզմի հերոսացմանը, առաջին էջին Նժդեհի արձանն է: Ադրբեջանը արդեն մեկուկես տարի է, Հայաստանին վարկաբեկելու ուղղությունն է վերցրել՝ Նժդեհի միջոցով կամ ազգային ինքնությանը վնասելու ցանկությամբ, «նախորդներն են արել, դուք կապ չունեք» կտերի մեջ, իրականացնում են սեւ, տոտալ հակաքարոզչություն: Թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը, որպես հակաթույն, այլ քննարկման թեմա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031