Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական զինուժի սպառազինության ձեռքբերման առաջնահերթությունները. Վերլուծություն. «Ռազմինֆո»

Դեկտեմբեր 02,2019 21:21

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին մոտ 20%-ով աճելու են, իսկ Հայաստանինը գրեթե նույնն են մնալու, քննադատության ալիք բարձրացավ կառավարության հասցեին։

Այդ քննադատությունն անարձագանք չմնաց. իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ ռազմական անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում և որ այդ ոլորտում զգալի առաջընթաց կա։ Այսպես օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին ֆրանսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»։

Վերջերս էլ «Հայկական ժամանակը», հղում անելով «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտին» (SIPRI), սենսացիոն վերնագրով լուր էր հրապարակել․ «Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը 2018-ին ամենաբարձրն են եղել Եվրոպայում. SIPRI»։ Իրականում խոսքը ՀՆԱ-ից անվտանգությանն ուղղվող ծախսերի տոկոսի մասին է, որը Հայաստանում ավանդաբար շատ բարձր է եղել։ Բացի այդ, Արցախ իր վերջին այցի ժամանակ էլ վարչապետն ասաց, որ «Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է»։

Վերադառնանք վարչապետի Ֆրանսիայում արված հայտարարությանը և փորձենք այն հասկանալ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «տեսանելի ժամանակաշրջան»։ Երբվանի՞ց հաշված։ Վերջիվերջո հենց Փաշինյանի իշխանությանն անմիջապես նախորդող ժամանակաշրջանում Հայաստանը շատ լուրջ ծավալով ռազմական գնումներ է կատարել ինչպես ռուսական վարկերի շրջանակում (ընդհանուր մոտ 300 մլն դոլլար), այնպես էլ այլ միջոցների հաշվին, որոնցով ձեռք են բերվել, օրինակ՝ «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրները։ Ընդ որում՝ նախկին իշխանության օրոք կնքված այդ վարկային գործարքների մի մասի իրագործումը բաժին է ընկնում հենց Փաշինյանի իշխանության շրջանին, քանի որ խոսքը նոր սպառազինության մասին էր, որի արտադրությունը որոշակի ժամանակ է պահանջում։ Արդյո՞ք վարչապետը նկատի ունի նաև իրեն «ժառանգություն մնացած» այդ՝ ընթացքի մեջ գտնվող գործարքները, թե խոսքն իր իշխանության օրոք նոր կնքվածների մասին է։ Ցավոք՝ այս հարցի պատասխանը չունենք, իսկ բոլոր փորձերը հասկանալու, թե ինչ նկատի ուներ վարչապետը, օրինաչափորեն բախվելու են ռազմական և պետական գաղտնիքի մասին փաստարկին։

Իհարկե, սպառազինության վերաբերյալ կանխավ անստուգելի հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի նորամուծությունը չէ․ նմանատիպ հայտարարություններ նախորդ իշխանություններն էլ են արել և մինչև որոշակի սահման այդպիսի հայտարարություններն ընդունելի են, իսկ որոշ դեպքերում նաև արդարացված։ Մասնավորապես դրանք ադրբեջանցիների համար ավելացնում են այսպես կոչված «ռազմավարական անորոշությունը», երբ թշնամին չի կարող վստահ լինել, թե այդ հայտարարությունների տակ իրականում ինչ ծավալի մասին է խոսքը։

Բայց քանի որ Փաշինյանի կառավարությանն առաջին իսկ օրվանից քննադատում են անվտանգության հարցերով և չափազանցություն չի լինի ասելը, որ հենց այս դեպքում կանխավ անստուգելի հայտարարությունները նաև քննադատների «բերանը փակելու» միջոց են։

Իշխանություններն արդեն ցուցադրել են, որ բավականին հմուտ են ինքնագովազդի հարցում, ու կարելի է ենթադրել, որ այս հայտարարությունն էլ հերթական փիառ գործողության «հրետանային նախապատրաստություն է»։ Հիշեցնենք, որ առաջիկայում ակնկալվում է Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը։ Տեղեկություններ կան նաև Տոռ-Մ2 և որոշ այլ զենիթահրթիռային համակարգերի գնման մասին։ Հանրությանը դրանք ներկայացնելով էլ ենթադրվում է երկարաժամկետ փակել անվտանգության թեմայով քննադատությունների թեման։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031