2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 50 դեպք: Գավառում՝ 9 դեպք, Մարտունում՝ 15 Վարդենիսում 9, Սեւանում 13, Ճամբարակում՝ 4: Այսօր Գեղարքունքի մարզի ոստիկանության ներկայացուցիչներն այսպիսի վիճակագրություն հրապարակեցին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ, Միջոցառումը տեղի ունեցավ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ում:
Թե ինչո՞ւ են Մարտունում ավելի շատ դեպքերը, ոստիկանության ներկայացուցիչը պայմանավորեց բնակչության թվաքանակով. «Մարզում ամենաշատ բնակչությունը ունի Մարտունին, իսկ ամենաքիչ բնակչությունը՝ Ճամաբարակը»: Նրանք նաեւ փաստեցին, որ Մարտունիում ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճել է, քանի որ անցյալ տարի ընդամենը 7 դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետ
Մամիկոն Գալոյանի խոսքով՝ դեպքերն ավելանում են, որովհետեւ ավելի շատ կանայք են սկսում այդ մասին բարձրաձայնել՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները: Պարոն Գալոյանն ասաց, որ ընտանեկան բռնության դեպքում ամենաշատ տուժողներից են նաեւ երեխաները. «Բռնության զոհ է դառնում նաեւ երեխան, բռնությունն արել են, վերջացրել են եւ հետո էլ փորձում են երեխայով ցավեցնել, ինչը ամենավատն է»:
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանի ներկայացմամբ, Գեղարքունիքի մարզն առանձնանում է ավանդապաշտությամբ, մենթալիտետով եւ կանանց նկատմամբ բռնությունների բարձր ցուցանիշով: Նա դրական փաստ համարեց ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը. «Նախքան օրենքը ծայրահեղ դեպքում էին դիմում ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներն էլ չունեին համապատասխան որակավորում, որպեսզի ճիշտ մոտեցում դրսեւորեին ընտանեկան բռնության ենթարկված կանանց նկատմամբ, այսօր արդեն վերապատրաստված են եւ կնոջը դիտում են որպես զոհի եւ բռնարարին դիտում են որպես բռնարարի:
Կարդացեք նաև
Տիկին Գեւորգյանի խոսքով, ճիշտ չէ խոսել բռնության պատճառներից՝ խմած է, աղքատ է, գործի պատճառով է եւ այլն: Ըստ նրա, ոչ մի պատճառ չի կարող արդարացնել ընտանեկան բռնությունը:
«Տարատեսակ ծառայություններ ներդնելու նպատակը ոչ թե ընտանիքներ քանդելն է, ինչպես որ փորձ է արվում ներկայացնել, այլ՝ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելումը, որպեսզի հասարակությունն ապրի առանց բռնության, քանի որ բռնությունը հարցեր լուծելու ճանապարհ չէ»,-ասաց տիկին Գեւորգյանը: Նա նույնպես գտնում էր, որ ընտանեկան բռնությունից
տուժում են հատկապես երեխաները, որոնք ականատես են լինում բռնության դեպքերը եւ հետո դառնում են այդ բռնության վերարտադրողները. «Նրանց հոգեբանության վրա է ազդում, խորը հետք է թողնում ե՜ւ բանակում չեն կարողանում իրենց տեղը գտնել ե՜ւ դպրոցում չեն կարողանում դրսեւորվել»:
Գեղարքունիքի ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ վերջին տարիներին կանանց մոտեցումն էլ է փոխվել. նրանք անկաշկանդ դիմում են իրավապահներին, խնդիրը բարձրացնում են, ոստիկանությունը կարողանում է լուծում գտնել:
Գեղարքունքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Բաղդասար Գեւորգյանի խոսքով, իրենց մարզում կա մեկ այլ մարտահրավեր էլ: Նրա խոսքով, շատ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի եւ, երբ իրենց կանանց եւ երեխաներին տանում են, այնտեղ նրանք ենթարկվում են ընտանեկան բռնության եւ այդ կանայք այնտեղ պաշտպանված չեն.
«Լավ կլիներ, որ այսպիսի միջոցառումներ կազմակերպելիս նաեւ արտաքին գործերի նախարարության հետ համագործակենք այնտեղ պետք է հասարակական կազմակերպություններ լինեն, որոնց մասին կանայք պետք է տեղեկացված լինեն, եւ դա կարող է զսպաշապիկ լինել տղամարդկանց համար, որոնք այդպիսի գործողությունների են դիմում: Արտագնա աշխատանքի վայրում բռնությունն ավելի շատ է եւ այդ խնդիրներով արդեն հետ են վերադառնում»:
Նա ընտանեկան բռնության դեմ աշխատող կառույցներին կոչ արեց դպրոցներում 12-րդ դասարաններում դասընթաց անցկացնել եւ ծանոթացնել, իրազեկել իրենց իրավունքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ