Դեկտեմբերի 2-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, այսօր կդառնար 21 տարեկան:
Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը Aravot.am-ին ասաց, որ նախնական վարկածով՝ երիտասարդը սպանվել է հակառակորդի կրակոցից՝ փոխհրաձգության արդյունքում: Այս մասին ՊՆ պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:
Ըստ գյուղապետի՝ երիտասարդի հայրն ու մայրը ամուսնալուծված էին, երիտասարդի հայրն ապրում է արտասահմանում ու նյութապես միշտ օգնել է որդուն: Արթուր Աջամյանը ապրում էր տատիկի ու պապիկի հետ, մինչ այդ՝ մոր հետ Մասիսի գյուղերից մեկում:
Մանվել Օհանյանի խոսքով, Աջամյանն ինն ամիս էր ծառայում էր, երբեւէ որեւէ դժգոհություն չի հայտնել, զորամասում որեւէ խնդիր ունենալու մասին չի խոսել: Ըստ նրա՝ սպանված զինծառայողի պապը երեկ էր նրա հետ խոսել. «Որեւէ արտառոց բան չի եղել, ծառայությունը բնականոն հունի մեջ է եղել, այսօր էր Արթուրի ծնունդն է, պապիկը առավոտյան՝ ժամը իննի կողմերը մի 17 անգամ զանգել է՝ թոռան ծնունդը շնորհավորելու, թոռն անհասանելի է եղել: Հետո իմացանք՝ դեպքը առավոտյան 7-ին է տեղի ունեցել»:
Կարդացեք նաև
Այսօր՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ