Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին:
Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը:
Սա այն Պանթեոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիվ գոյության, մեր ազգային հավաքական իղձերի, մեր անվտանգության ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակված հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը….
Սա այն Պանթեոնն է, հիշատակի ու հանձնառության ուխտավայրը, ուր երիտասարդ սերունդը երդվում է՝ խոստանալով ոչ միայն չուրանալ ազգի հերոսների հիշատակը, այլև լինել նրանց ուխտի ժառանգորդն ու շարունակողը:
Կարդացեք նաև
Բայց, ավաղ, մեր սեփական հողում կան նաև այլ «արժեքներով» սնված ու առաջնորդվող ճիվաղներ, ժամանակին ախտորոշված՝ ազգային տականքը:
Այդ տականքի ձեռքն հասավ Եռաբլուր՝ չխնայելով անգամ Ապրիլյան հերոսներին, հասավ Արագածի փեշեր՝ պղծելով ՀՅԴ Շուշիի գումարտակին և Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշատախտակները:
Այս տեսակի ի հայտ գալը, որքան էլ ցավալի է, բայց պատահականություն չէ:
Ամիսներ շարունակ մոլեգնող ատելության, անհանդուրժողականության, հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակաների, Հայաստանը` հնի ու նորի, անցյալը հրեշայնացնելու, մերժելու և պիտակավորելու, բանակը, նրա հերոսներին, ազգային եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը մերժող այս ինքնակործան ընթացքը պիտի հանգեցներ հոգևոր ու մարդկային այս վանդալիզմին, այլասերումին:
Ազգային համերաշխությունը ջլատող, մեր ներքին դիմադրողականությունն ու ոգին կոտրող ու սնանկացնող այս արգահատելի դրսևորումները, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով, արգասիքն են հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, մեր ազգային արժեհամակարգը խաթարող քաղաքական կուրսի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածը, այն գնահատում է որպես վանդալիզմ և հարված՝ ուղղված մեր հավաքական ազգային արժեքներին, պետականության մարտունակությանն ու ազգային համախոհությանը:
Միաժամանակ պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները քաղաքական գնահատական տան կատարվածին, հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին