ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցի ընթացքում այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց. «Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանն է ձախողել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ կասեցնելով, ապա՝ առ ոչինչ հայտարարելով Ցյուրիխյան արձանագրությունները, եւ որ Հայաստանի նոր ղեկավարության մոտեցումը Թուրքիայի հանդեպ հակասական է: Որքանո՞վ են առկա Հայաստանի մոտեցումներում փոփոխություններ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ»:
Զոհրաբ Մնացականյանը նախ նկատեց. «Այդ հարցի շուրջ խոսելը տարօրինակ է այն առումով, որ այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, ոչ թե հարյուր տարի առաջ: Միջազգային հանրությունը եւս ականատես էր այդ զարգացումներին: Իսկ թե ինչ է եղել դրանից հետո, դա այսօրվա պատմությունն է»:
Ըստ ԱԳ նախարարի՝ եթե Թուրքիան ներկայացնող մարդիկ բարդույթ ունեն խեղաթյուրելու մերօրյա պատմությունը, չհարգելու հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը եւ ձախողման մեջ մեղադրելու ուրիշներին, ակնհայտ է, թե ինչու են հարյուր տարի առաջ տեղի ունեցածի վերաբերյալ այսօր շարունակում ժխտողականության քաղաքականությունը:
https://www.facebook.com/aravot.am/videos/756846424742176/
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀՀ նոր իշխանության մոտեցումներին, Մնացականյանը շեշտեց. «Որեւէ հակասություն մեր մոտեցումներում չկա: Ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին՝ առանց նախապայմանների, բայց դա երկրորդ կողմ էլ է պահանջում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունն այլ ուղղությամբ է աշխատում: Թուրքիայի՝ սպառնալիք լինելու փաստը բխում է նրա քաղաքականությունից եւ արտահայտվում նրա գործելաոճով եւ հռետորաբանությամբ: Ցյուրիխյան արձանագրությունները մերժել է Թուրքիան, իր ստորագրությունը ձախողել է հենց Թուրքիան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ